ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են ընտրություններում Թրամփի հաղթանակը

Ընտրություններում Թրամփի հաղթանակն արտացոլում է ամերիկացիների դժգոհությունը երկրի նախագահ Ջո Բայդենի կառավարության արդյունքներից, ինչպես նաև Դեմոկրատական ​​կուսակցության՝ Քամալա Հարիսի կողմից առաջարկված նախընտրական ծրագրից, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում։

ՌԴ ԱԳՆ-ից նաև նշել են, որ Թրամփն իր նախընտրական քարոզարշավում «խաղադրույքը կատարել է» տնտեսության և անօրինական միգրացիայի խնդիրների վրա, որոնք իսկապես հուզում են ընտրողներին՝ ի հակադրություն Սպիտակ տան «գլոբալիստական ​​կուրսի»։

«Մենք պատրանքներ չունենք Ռուսաստանում քաջ հայտնի ամերիկացի ընտրված նախագահի և Կոնգրեսի նոր կազմի հետ կապված, որտեղ հանրապետականները, նախնական տվյալներով, առավելություն են ստանում։ ԱՄՆ-ում իշխող քաղաքական վերնախավը, անկախ կուսակցական պատկանելությունից, հավատարիմ է հակառուսական կեցվածքին և «Մոսկվային զսպելու» գծին։ Այս գիծը ենթակա չէ Միացյալ Նահանգների ներքաղաքական բարոմետրի տատանումներին՝ անկախ նրանից՝ խոսքը գնում է «Առաջին հերթին Ամերիկայի» մասին, ինչպես մեկնաբանվում է Դ. Թրամփի և նրա կողմնակիցների կողմից, թե  «կանոնների վրա հիմնված աշխարհակարգի» մասին, որի վրա «ֆիքսված» են դեմոկրատները։

Ռուսաստանը կաշխատի նոր վարչակազմի հետ, երբ այն «գրանցվի» Սպիտակ տանը՝ ամուր պաշտպանելով ռուսական ազգային շահերը և կենտրոնանալով հատուկ ռազմական գործողության բոլոր առաջադրված նպատակների իրականացման վրա։

Մեր պայմաններն անփոփոխ են և լավ հայտնի են Վաշինգտոնում»,– հայտարարել են ՌԴ ԱԳՆ–ից:

 

Share This