Պատվոգրեր Գյումրու Հայորդյաց տան <<ԱկնԷ>> երգչախմբի սաներին

Պատվոգրեր Գյումրու Հայորդյաց տան «ԱկնԷ» երգչախմբի սաներին
Մայիսի 7-8-ը Հունաստանում կայացած երգչախմբային միջազգային փառատոնին Հայաստանը ներկայացրած Գյումրու Հայորդյաց տան «ԱկնԷ» երգչախումբին ընդունել են քաղաքային իշխանության ներկայացուցիչները՝ գլխավորությամբ Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանի: Վարդգես Սամսոնյանը, ողջունելով ներկաներին, շնորհակալություն է հայտնել հերթական անգամ Գյումրին պատվով ներկայացնելու համար: Վարդգես Սամսոնյանը բարձր է գնահատել երգչախմբի գործունեությունը և կարևորել թե՛ երկրի ներսում, թե՛ դրա սահմաններից դուրս երգչախմբի մասնակցությունները տարբեր մրցույթ-փառատոներին: Համայնքի ղեկավարն այնուհետ երեխաներից հետաքրքրվել է փառատոնին իրենց մասնակցությունից, ստացած տպավորություններից, զգացողություններից:
Ողջույնի և շնորհակալության խոսքով հանդես է եկել նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանը: Հանդիպման ընթացքում երգչախմբի սաներից հետաքրքվել են նաև, թե ինչպիսի փոփոխություններ կցանկանային տեսնել Գյումրիում, որ ոլորտներում և ինչ աշխատանքներ, ինչպիսի բացեր կամ առավելություններ կարող են ներկայացնել՝ հատկապես իրենց աչքին նկատելի և այլ երկրների հետ համեմատականներում:
«Հայորդյաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանն իր խոսքում շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ապա ներկայացրել այցը, խոսել փառատոնի ընթացքում երգչախմբի հանդեպ ցուցաբերված հետաքրքրությունից, հիացական արձագանքներից, երգչախմբին տրված բարձր գնահատականներից:
Հունաստանում կայացած միջազգային երգչախմբային փառատոնում Գյումրին պատվով ներկայացնելու համար պատվոգրերով պարգևատրվեցին «ԱկնԷ» երգչախումբի սաները, երգչախմբի ղեկավար Սոնա Զառաֆյանը, երգչախմբի նվագակցող Լուսինե Ղուկասյանը և «Հայորդյաց տան» տնօրեն Աստղիկ Եդիգարյանը:
Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )