Չորս արդյունավետ բնական հակատարիքային միջոց մաշկը թարմացնելու և կնճիռներից ազատվելու համար
Օրգանիզմի ծերացումը բնական գործընթաց է, որից հնարավոր չէ խուսափել, սակայն ճիշտ միջոցների գործածությունը կօգնի հնարավորինս երկար պահպանել երիտասարդությունն ու դանդաղեցնել ծերացման գործընթացը։
Տարիների ընթացքում մաշկը կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը և սկսում է պատվել կնճիռներով, որոնցից ազատվելու համար մարդիկ հաճախ չեն խնայում միջոցներն ու ժամանակը: Մաշկը երիտասարդացնելու համար սովորաբար կիրառվում են տարբեր կոսմետիկ միջոցներ ու պրոցեդուրաներ, որոնք ոչ միշտ են բավական արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ ոչ բոլորի գրպանին են հարմար, սակայն, բարեբախտաբար, կան նաև շատ արդյունավետ բնական միջոցներ, որոնք հասանելի են յուրաքանչյուրին և օգնում են հասնել հիանալի արդյունքի։
Aif.ru կայքը ներկայացրել է նման բնական միջոցներից լավագույնների բաղադրատոմսերը, որոնք կօգնեն վերականգնել մաշկի թարմությունն ու կազատեն մանր կնճիռներից։ Ընդ որում՝ այս բնական միջոցները ոչ միայն արդյունավետ են, այլև հասանելի և բացարձակապես անվնաս, քանի որ չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։
- Ծերացող մաշկը մաքրելու և թարմացնելու համար կարելի է կիրառել դափնու տերևների թուրմը։ Հարկավոր է 20 գրամ տերևներին ավելացնել 100 գրամ ջուր, եռացնել, այնուհետև թողնել մի փոքր թրմվի։ Բամբակյա սկավառակը թրջել ստացված եփուկով, այնուհետև քսել այն դեմքի ու պարանոցի մաշկին ու մի փոքր մերսել։
- Շատ արդյունավետ են նաև վարդի ու եղեսպակի թուրմերը։ Հարկավոր է 1 ճաշի գդալ չորացրած վարդի թերթիկներին կամ դեղատու եղեսպակին ավելացնել 2 բաժակ եռման ջուր, թրմել մինչև մի փոքր սառչի, այնուհետև օգտագործել գոլ թուրմը դեմքին կոմպրեսներ դնելու համար։ Կոմպրեսը հարկավոր է թողնել 10 րոպե։
- Հիանալի հակատարիքային կոմպրես կարելի պատրաստել նաև հալվեով։ Հարկավոր է հալվե վերայի տերևը տրորել ու թանձր խյուս դարձնել, այնուհետև ավելացնել նույն քանակությամբ ջուր ու թրմել խառնուրդը մեկ ժամ։ Բամբակյա բարակ անձեռոցիկը թրջել ստացված խառնուրդով, դնել դեմքին և թողնել 15 րոպե։
- Կնճիռների դեմ պայքարի արդյունավետ միջոց կարող է լինել նաև կիտրոնով ու ձվի դեղնուցով դիմակը։ Այն պատրաստելու համար հարկավոր է 1 ձվի դեղնուցին ավելացնել կես կիտրոնի հյութ և 1 թեյի գդալ ձիթապտղի յուղ ու լավ խառնել։ Քսել դիմակը մաշկին, թողնել 20 րոպե, այնուհետև լվացվել։
