ՉԸՆՏՐՎԵՑ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏ, ԴԱՐՁԱՎ ՓՈԽՄԱՐԶՊԵՏ
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, վարչապետի որոշմամբ Ալբերտ Այվազյանը նշանակվել է Շիրակի մարզպետի տեղակալ:
Ալբերտ Այվազյանին որոշեցին չնեղացնել և փոխմարզպետ կարգել, նա երկար տարիներ Շիրակի մարզի Առափի հանայնքի համայնքապետն էր, սակայն ուշագրավը նրա՝ խոշորացվող Ախուրյան համայնքի ընտրություններում մասնակցելն էր: Ալբերտ Այվազյանը ՔՊ-ի համայնքապետի թեկնածուն էր, ու չնայած ՔՊ-ն ընտրության արդյունքներով առաջատար էր, նա չընտրվեց համայնքապետ:
Ինչպես ավելի վաղ անդրադարձել ենք, Ախուրյանում համայնքապետ ընտրվեց ընդդիմադիր թեկնածու, դաշնակցական Արծրուն Իգիթյանը: Ավագանու անդրանիկ նիստը բավականին լարված անցավ, ՔՊ – ականներն ամեն կերպ փորձեցին տապալել այն, բայց չհաջողվեց, Այվազյանի նկատմամբ մեկ ձայնի առավելությամբ համայնքապետ ընտրվեց Իգիթյանը:
Մեր տեղեկություններով՝ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի միջնորդությամբ է վարչապետը երեկ նրան նշանակել փոխմարզպետ ,քանի որ Ամասիայում և Ախուրյանում ՔՊ պարտությունից հետո իշխանական թևում դժգոհություն է հասունացել մարզի ՔՊ կառույցի նկատմամբ: Եւ ամենևին պատահական չէր Այվազյանին սիրաշահելու, փոխմարզպետի պաշտոնը շնորհելու քայլը:
