ՈՒԺԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐԸ ՊԵՏՔ Է ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԵՆ․ ԻՆՁ ԱՍՈՒՄ ԵՆ՝ ՍԱ՞ Է ՁԵՐ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական կառույցների հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը: Այս մասին քիչ առաջ «Մարիոթում» նշեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։

Հիշեցնենք, որ Երևանում մեկնարկել է Ժողովրդավարության հայկական ֆորումը: «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Freedom House-ի նախաձեռնած համաժողովը Հայաստանում կազմակերպվում է առաջին անգամ:

«ԱՄՆ-ն փաստում է Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում։ 1992 թվականից սկսած՝ ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 միլիարդ դոլարի աջակցություն, որը միտված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը։ Հետևելով, թե ինչ է տեղի ունենում հանրահավաքների, ցույցերի ընթացքում, պարզ է, որ կան մտահոգություններ, տեսել ենք հաղորդումներ, տեսել ենք տեսանյութեր ուժի կիրառման վերաբերյալ, այս ամենը պետք է քննության ենթարկվի։ Ես նկատել եմ, որ կառավարության կողմից այս դրվագները հետաքննելու մոտեցում կա։

Ցուցարարներն էլ ունեն իրենց պարտականությունները՝ խաղաղ ցույց անցկացնել, որը չի առաջացնում քաոսային կամ անկանոն իրավիճակ ու չի խախտում մյուսների իրավունքները։ Մարդիկ ինձ գրում են ոստիկանության բարեփոխումների մասին, որովհետև գիտեն, որ ԱՄՆ-ն ներգրավված է, ինձ ասում են՝ «սա՞ է ձեր ժողովրդավարությունը, ոչ, ժողովրդավարությունը ինչ-որ իրերի կատարյալ վիճակ չէ, ժողովրդավարությունը շարունակական ընթացքի մեջ գտնվող գործընթաց է։ Մենք էլ ունենք մեր մարտահրավերները։ Ոստիկանների վարքագիծը, պահվածքը ևս մի ուղղություն է, որտեղ մշտապես խնդիրներ կան ու սա ձգտում ենք բարելավել։ Ես լավատեսորեն եմ տրամադրված՝ ի հեճուկս բոլոր այն մարտահրավերներին, որոնք ծառացած են Հայաստանի առաջ»,- հավելեց նա։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )