Որ դեպքերում է ձեռքերի դողը վտանգավոր. դողի հիմնական պատճառները
Ձեռքերի դողը կարող է բնական երևույթ լինել շատերի համար, սակայն անգամ այս անվնաս թվացող ախտանշանը կարող է իրականում վտանգավոր հիվանդության զարգացման մասին հուշող ազդանշան լինել:
Մասնագետները ներկայացրել են, թե ոչ դեպքերում է դողն անվտանգ բնույթ կրում, և որ դեպքերում է հարկավոր անհապաղ բուժզննում անցնել:
Ֆիզիոլոգիական դող
Ձեռքերի դողի այս տեսակը նորմալ է համարվում, ուստի անհանգստանալու կարիք չկա: Ընդ որում, ոմանց մոտ այն ավելի ինտենսիվ է լինում, իսկ ոմանց մոտ գրեթե աննկատ: Առավել հաճախ այն զարգանում է, երբ ձեռքերը երկար ժամանակ որոշակի դիրքով են լինում, սակայն երբեմն նման դողի պատճառ կարող են դառնալ նաև անհանգստությունը, հոգնածությունն ու գերսառեցումը:
Տագնապային խանգարումներ
Եթե խնդիրը պայմանավորված է լինում հոգեկան խանգարումներով, ապա դողը կարող է նկատվել ինչպես հանգստի ժամանակ, այնպես էլ որևէ գործողություն կատարելու ընթացքում: Նման դեպքերում խնդրից կարելի է ազատվել հոգեթերապիայի և հանգստացնող դեղամիջոցների օգնությամբ, որոնք կօգնեն կարգավորել հոգեհուզական վիճակը:
Վահանագեղձի հետ կապված խնդիրներ
Վահանագեղձի գործառույթների՝ թիրեոխթան հորմոնի դիսբալանսով պայմանավորված խանգարումների դեպքում ի հայտ են գալիս մի շարք տհաճ ախտանշաններ, այդ թվում՝ անհանգստություն, թուլություն, սրտխփոց, հևոց, քնի խանգարումներ ու ձեռքերի դող:
Էսենցիալ տրեմոր
Այս դեպքում դողն ի հայտ է գալիս ձեռքերը որոշակի դիրքով պահելու կամ որոշ գործողություններ անելու դեպքում: Շատ հաճախ այս խնդիրը ժառանգական բնույթ է կրում:
Պարկինսոնի հիվանդություն
Այս հիվանդության դեպքում դողն ավելի ինտենսիվ է դառնում հանգստի ժամանակ:
Արյան մեջ գլյուկոզայի և ինսուլինի մակարդակների փոփոխություն
Նման դեպքերում ձեռքերի դող կարող է նկատվել քաղցի ժամանակ կամ անմիջապես ուտելուց հետո:
Բացի վերանշյալ խնդիրներից, ձեռքերի դող կարող է նկատվել նաև մի շարք այլ դեպքերում, որոնցից ամենավտանգավորներն են համարվում.
ալկոհոլային զրկանքի համախտանիշը,
ծանր մետաղներից առաջացած թունավորումը,
ուղեղիկի ախտահարումները (օրինակ՝ Վիլսոն-Կոնովալովի հիվանդության դեպքում):
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
