Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Երևանի նախկին քաղաքապետ, նախկին քպ-ական, իսկ ավելի ուշ արդեն «Ազգային առաջընթաց» խմբակցության «ընդդիմադիր» անդամ դարձած Հայկ Մարությանը՝ զրկվելով ավագանու անդամի մանդատից ու քաղաքապետարան մտնելու հնարավորությունից՝ դեռ 3 շաբաթ առաջ խոստացավ «Նոր ուժ» անունով ռեֆորմիստական կուսակցություն հիմնել ու իր ուժը ներդնել երկրի բարօրության համար։
Իր իսկ թիմի, կամ ինչպես ինքն կասեր, թմի կողմից պաշտոնանկ արված քաղաքապետի «Նոր ուժ»-ի նպատակը հանրաքվեներին, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու և հասարակության ու պետության քաղաքական կյանքին մասնակցության այլ ձևերով ժողովրդի քաղաքական կամքի ձևավորմանն ու արտահայտմանը նպաստելն է:
Այս օրերին, երբ ժողովուրդի քաղաքական կամքը ոտնահարվում է երկիրը ղեկավարող ռեժիմի կողմից ու ժողովրդի կամքին հակառակ, իշխանությունը հողեր է հանձնում թշնամի երկրին՝ Ադրբեջանին, հարց է առաջանում, թե՝ ո՞ւր են իրենց ընդդիմադիր հռչակած քաղաքական ուժերը՝ այդ թվում նաև Հայկ Մարությանը՝ իր թմով;
Իհարկե, չի քննարկվում, որ որոշ կուսակություններից 2-3 անդամ եղել են Տավուշում ու կանգնել ժողովրդի կողքին։ Հարցն այն է, որ վերևից ամպագոռգոռ հայտարարություններ անողներն այս օրերին ստվերում են։
NEWSPRESS.am–ը փորձեց պարզել, թե՝ չի՞ պատրաստվում արդյոք Մարությանը մեկնել Տավուշ։ Սակայն մեր զանգերը մնացին անպատասխան․ իսկ ավելի կոնկրետ՝ հեռախոսի ինքնապատասխանիչը (автоответчик) մեզ «տեղեկացրեց», որ «բաժանորդը ժամանակավորապես անջատել է հեռախոսը»․․․
NEWSPRESS.am-ը նաև տեղեկացավ, որ բաժանորդի հեռախոսի «ժամանակավորապես անջատումները» կապված են երկրից նրա բացակայության հետ։
Մեր տեղեկություններով, ոսկե սարեր խոստացած ու «ընդդիմություն» խաղացող Հայկ Մարությանն այս օրերին անգամ երկրում չէ։
Թե կոնկրետ որտեղ է Հայկ Մարությանը՝ առայժմ ձեռնպահ կմնանք հրապարակելուց։ Միայն հարկ է նկատել, որ թերևս անիմաստ էր մեծ սպասումներ ունենալ դերասան Հայկ Մարությանից, ով ապրել է սիթքոմներով ու մնացել իր խաղացած կերպարների տակ։
