Որոնք են օրգանիզմում մագնեզիումի դեֆիցիտի մասին հուշող հիմնական ախտանշանները

Մագնեզիումն օրգանիզմի համար ամենակարևոր հանքանյութերից մեկն է, որի դեֆիցիտը կարող է առողջական մի շարք խնդիրներ առաջացնել։ Այս տարրը նպաստում է սրտամկանի առողջության պահպանմանը, ինչպես նաև մասնակցում է բարձր տրամադրության համար պատասխանատու սերոտոնինի ու դոֆամինի արտադրությանը, ուստի դրա առողջական լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է առաջին հերթին ժամանակին նկատել դրա պակասի մասին հուշող ախտանշանները։

Դեղագետ, սննդաբան Անժելա Ստեպուսը ներկայացրել է օրգանիզմում այս տարրի դեֆիցիտի մասին վկայող հիմնական ախտանշանները։ Նրա խոսքով՝ նման ախտանշանների շարքին կարող են դասվել վաղ առավոտից նկատվող թուլությունը, շոկալադ ուտելու ցանկությունը, քնկոտությունն ու հոգնածությունն անգամ չնչին ֆիզիկական ակտիվությունից հետո։ Բացի այդ, մագնեզիումի դեֆիցիտը կարող է դրսևորվել նաև ջղաձգումներով, որոնք բավական ցավոտ ու տհաճ են լինում, ինչպես նաև քնի խանգարումներով, քանի որ մագնեզիումը շատ կարևոր դեր է խաղում կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքում։

Անդրադառնալով շոկոլադ ուտելու ցանկությանը՝ մասնագետը շեշտել է, որ այս մթերքը մագնեզիումի հարուստ աղբյուր է, ուստի դրա պակասի դեպքում օրգանիզմը բնազդաբար շոկոլադի պահանջ է զգում։

Այս խնդրի մասին կարող է հուշել նաև զարկերակային ճնշման բարձրացումը, քանի որ մագնեզիումը մասնակցում է նաև արյան ճնշման կարգավորման գործընթացներին, իսկ դրա պակասի դեպքում անոթները նեղանում են, ճնշումը՝ բարձրանում։ Ավելին՝ մագնեզիումի դեֆիցիտը կարող է հանգեցնել նաև սրտամկանի անկանոն կծկումների՝ դառնալով առիթմիայի պատճառ։

Ֆիզիոլոգիական խնդիրներից բացի, մագնեզիումի դեֆիցիտը կարող է դառնալ նաև հոգեբանական խնդիրների պատճառ՝ հանգեցնելով տագնապի ու լարվածության։

Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է կանխել մագնեզիումի դեֆիցիտը, ինչը կարելի է անել դրանով հարուստ մթերք ուտելով ու օրական 200-300 մգ մագնեզիում ընդունելով։

Share This