Առողջ մեծանալու գրավականը` քիչ նստել և շատ շարժվել․ ԱՆ-ն հորդորում է սահմանափակել էկրանների առջև երեխաների անցկացրած ժամանակը
ՀՀ առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ առողջ մեծանալու գրավականն է քիչ նստելը և շատ շարժվելը, մինչդեռ վերջին շրջանում ճիշտ հակառակն է նկատվում․ երեխաներն օրվա մեծ մասն էկրանների դիմաց են, ինչն ուղիղ հարված է նրանց առողջությանը՝ ընդհուպ հոգեկան:
Ինչպես տեղեկանում ենք ԱՆ-ի տարածած հաղորդագրությունից, մասնագետները փաստում են, որ երեխաների՝ էկրանների առջև ժամանակ անցկացնելու վտանգները բազմաթիվ են և դրանց շարքին են դասվում՝
- հոգեկան առողջության խնդիրները,
- քնի խանգարումները,
- տեսողության վատթարացումը,
- կեցվածքի խանգարումները,
- շփման և սոցիալիզացիայի խնդիրները,
- կախվածություն էկրաններիցը:
«Մանկաբույժների ամերիկյան ակադեմիան (AAP) խորհուրդ է տալիս`
- մինչև 18 ամսական երեխաներին չզբաղեցնել գաջեթներով և թույլ չտալ ժամանակ անցկացնել էկրանի առջև (բացառություն կարող են լինել միայն կարճ տեսազրույցները մտերիմ անձանց հետ),
- 2 տարեկանից բարձր երեխաներին թույլատրելի է էկրանների առջև մնալ առավելագույնը 1 ժամ,
- նախադպրոցական տարիքի երեխաների համար սահմանափակել էկրանային ժամանակահատվածը` օգտագործելով այն միասին դիտելով, խոսելով և բացատրելով,
- բոլոր երեխաներին, այդ թվում` դեռահասներին, անհրաժեշտ է լիարժեք քուն` կախված տարիքից 8-12 ժամ, ֆիզիկական ակտիվություն (1 ժամ) և մեդիայից հեռու անցկացվող ժամանակահատված (օրինակ` ընտանեկան ընթրիք, այց թատրոն, զբոսանք և այլն),
- երեխաները չպետք է քնեն իրենց ննջասենյակներում տեղադրված սարքերով, ներառյալ հեռուստացույցները, համակարգիչները և սմարթֆոնները:
Ծնողները պետք սահմանափակեն ոչ միայն էկրանների առջև երեխաների անցկացրած ժամանակը, այլև` հենց իրենցը:
Հիշե՛ք` Ձեր վարքն ամենաօրինակելին է երեխայի համար: Բացի այդ, էկրանների առջև անցկացվող Ձեր ժամանակը կարող է բացասական մի շարք ազդեցություններ ունենալ երեխայի համար, այդ թվում` ուշադրության պակասի պատճառով երեխայի անվտանգության լրջագույն խնդիրներ կարող են առաջացնել: Եթե Դուք երկար ժամանակ ենք անցկացնում էկրանների դիմաց, անխուսափելի է երեխայի հետ հոգեհուզական կապի խարխլումն ու ուշադրության պակասի զգացումը երեխայի մոտ», – ասված է նախարարության հաղորդագրության մեջ:
