Որոնք են գլխուղեղի համար ամենավնասակար սննդամթերքի տեսակները
Գլխուղեղի ինտենսիվ աշխատանքը շատ կարևոր է, հատկապես՝ մտավոր աշխատանք կատարողների համար, սակայն սթրեսը, հոգնածութուն ու լարվածությունը հաճախ դառնում են գլխուղեղի աշխատանքի վատթարացման պատճառ՝ բացասաբար անդրադառնալով նաև կյանքի ու աշխատանքի որակի վրա։ Նման դեպքերում գլխուղեղի աշխատանքը խթանելու և առողջական խնդիրներից խուսափելու համար մարդիկ սովորաբար առաջին հերթին փորձում են ազատվել վերոնշյալ գործոններից, մինչդեռ քչերին է հայտնի, որ նույնքան վտանգավոր կարող են լինել նաև վատ սննդակարգն ու սխալ ընտրված մթերքը գործածությունը։
Ինչպես նշել են սննդաբաններ Դին Շերզայն ու Այեշի Շերզայը գերմանական Focus պարբերականի հետ զրույցում, մարդու ամենօրյա սննդակարգը շատ լուրջ ազդեցություն է ունենում գլխուղեղի առողջության վրա, իսկ սննդամթերքի որոշ տեսակներ կարող են անգամ կործանարար լինել կարևորագույն օրգաններից մեկի համար՝ հանգեցնելով դրա աշխատանքի վատթարացման ու առողջական մի շարք խնդիրների զարգացման։
Մասնագետները ներկայացրել են գլխուղեղի համար ամենավնասակար սննդամթերքի տեսակները՝ առաջին հերթին առանձնացնելով այն մթերքը, որը հարուստ է հսկայական քանակությամբ աղով, շաքարով ու հագեցած ճարպերով։ Նման մթերքի գործածությունը հանգեցնում է գլխուղեղի անոթների խցանման՝ այդ կերպ վնասելով հյուսվածքները։
Սննդամթերքի այդ տեսակների շարքին են դասվում տարատեսակ կիսաֆաբրիկատները, սպիտակ հացը, չիպսերն ու բլիթները, որոնցից հարկավոր է խուսափել։
Բացի այդ, գլխուղեղի առողջության համար խիստ վնասակար կարող են լինել նաև վերամշակում անցած մսամթերքը, որը հարուստ է ոչ միայն աղով ու ճարպերով, այլև մեծ քանակությամբ պահածոյացնող նյութերով։ Գերմանացի բժիշկների խոսքով՝ նման մթերքը կարող է վնասել գլխուղեղը բջջային ու անոթային մակարդակով, ուստի խորհուրդ է տրվում խուսափել տարատեսակ երշիկեղենից, խոզապուխտից, սալամիից ու նմանատիպ այլ մթերքից։
Գլխուղեղի համար խիստ վնասակար կարող է լինել նաև սննդակարգում տրանսճարպերով հարուստ մթերքի գործածությունը, որը խցանում է զարկերակներն ու բացասաբար է անդրադառնում գլխուղեղի ակտիվության վրա։ Այս վնասակար տարրերի աղբյուր են հանդիսանում կարագն ու մարգարինը, տապակած մթերքն ու արագ սնունդը, ուստի դրանցից ևս խորհուրդ է տրվում խուսափել։
Բացի այդ, վերոնշյալ սննդամթերքի տեսակներից բացի գոյություն ունեն նաև այնպիսինները, որոնք բարձրացնում են բորբոքումների մակարդակն ու հանգեցնում նեյրոնների վնասվածքների։ Նման ազդեցություն կարող են ունենալ շաքարով հարուստ մթերքը՝ տարատեսակ բլիթները, թխուկները, քաղցրավենիքն ու գազավորված ըմպելիքները, ինչպես նաև ալկոհոլային ըմպելիքները, ուստի դրանք ևս հարկավոր է բացառել սննդակարգից։
