ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ ՄՏԱԾԵՑԻՆ ԵՒ ԳՏԱՆ՝ ՈՒՄ ԷՐ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ <<ՔԵՄԱԼԱԿԱՆ ՍՈՎԱԾՆԵՐ>>ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԵՂԱԴՐԱՆՔ Է ԱՌԱՋԱԴՐՎԵԼ ՔԱՂԱԿՏԻՎԻՍՏԻՆ

Ընդդմադիր քաղաքական գործիչ, գյումրեցի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը երեկ տեղեկացրել է, որ իրեն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օրենսգրքի 137.1 հոդվածի  երկրորդ մասով։

Hraparak.am-ի հետ զրույցում Կարապետ Պողոսյանը մանրամասնեց․ «Գործ հարուցվել է դեռևս մարտի 23-ին, մասնավորապես ծանր վիրավորանք են դիտարկել իմ՝ քեմալական սովածներ արտահայտությունը, որը, չգիտես՝ ինչու, վերագրել են ԱԺ-ի մի խումբ ՔՊ-ական պատգամավորների, որոնք Գյումրի էին այցելել։

Ես ինքս էի խնդրել ոստիկանությանը, որ մտածեն, գտնեն, թե ես ում եմ ի նկատի ունեցել այդ արտահայտությունն անելիս, մտածել են եւ գտել, որ ՔՊ-ական պատգամավորներն են։ Հա,Շիրակի  մարզպետ Նազելի Բաղդասարյանի նկատմամբ էլ ծանր վիրավորանք են դիտարկել ապուշ բառը։ Հասկանալի է, որ հայերենին չեն տիրապետում եւ երբևէ չեն ընթերցել Աճառյանի բառարանը։

Ինչևէ, ելնելով նախաքննական գաղտնիք պարունակող հանգամանքից, շատ չեմ մանրանա։ Չնայած, որ գլխավոր դատախազի օգնական Գոռ Աբրահամյանն ավելի վաղ ֆեյսբուքով իմ տված բացատրությունները հրապարակել էր, դա ինձ իրավունք է տալիս, որ ես ավելի շատ բան արտահայտվեմ, բայց ի տարբերություն նրա՝ ես ավելի հարգանքով եմ վերաբերում օրենսդրությանը»։

Հիշեցնենք, որ Կարապետ Պողոսյանը վերջերս հաճախ էր հանդես գալիս Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի դեմ գրառումներով՝ ներկայացնելով իրեն դիմած քաղաքացիների դժգոհությունները, որոնք վերաբերում էին մարզպետի մտերիմներին պաշտոններ բաշխելուն: Մոտ 5 ամիս Շիրակի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Նազելի Բաղդասարյանը հասցրել է ավագանու անդամ դարձած եղբոր կնոջը դարձնել Գյումրիի քաղաքապետարանում ծրագրերի եւ արտաքին կապերի բաժնի պետ (ժ/պ) : Քավորին նշանակել է Շիրակի փոխմարզպետ, ազգականուհուն՝ Է. Մատտեի անվան պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եւ մի շարք ծանոթների նույնպես տեղավորել հարմար ոլորտներում: Քաղակտիվիստն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր նաև Գյումրի այցելած մի շարք ՔՊ-ական պատգամավորների լուսանկար՝ տեղեկացնելով, որ  նրանց ճաշկերույթը Գյումրիում  միլիոններ է արժեցել։ Պողոսյանին վերջերս բերման էին ենթարկել ոստիկանություն, որի  ընթացքում ձեռքի փակ կոտրվածք էր  ստացել:

 

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )