«Ոճը ինքդ քեզ հետ անկեղծ լինելն է». Ֆաինա Հարությունյանը՝ նորաձևության, հաջողության և ամանորյա տրամադրության մասին

Ֆաինա Հարությունյանի հետ հանդիպեցինք իր բուտիկում, որտեղ արդեն տիրում էր ամանորյա մթնոլորտ։ Մակերեւույթների վրա խաղում էր ծաղկազարդերի մեղմ լույսը՝ ստեղծելով հեքիաթի զգացողություն, եղևնու ճյուղերի թեթև հոտը՝ միախառնված տաք սուրճի բույրով, իսկ ֆոնին հնչում էր ջազային չձանձրացնող երաժշտություն։ Տարածքը կարծես շնչում էր տոնի ու ինչ-որ նոր բանի ակնկալիքով։ Ֆաինան սենյակ մտավ առավոտյան թարմության ավյունով. նրա լայն ժպիտը, թեթեւ քայլվածքը և ինքնավստահությունը անմիջապես լիցքավորեցին զրույցը էներգիայով և անբռնազբոսիկությամբ:

Ի՞նչ է հաջողությունը նորաձևության մեջ

Զրույցը սկսեցի անցած տարվա մասին հարցերով, Ֆաինան ժպտաց և մի փոքր մտածելով պատասխանեց. «Այս տարին Հայաստանի նորաձեւության համար․․․ Ես չէի ասի, որ այն ինչ-որ հեղափոխական էր, բայց, այո, հնարավոր է, ինչ-որ առումով հագեցած էր։  Երեւանի նորաձեւության շաբաթն անցավ, դիզայներները շարունակեցին հավաքածուներ ստեղծել, փոքր քայլերն ամեն դեպքում ավելի մեծ բանի են հասցնում»։«Բայց եթե խոսենք անձամբ իմ մասին, ապա ինձ համար այս տարվա ամենանշանակալի նախագիծը Փարաջանովին նվիրված ցուցահանդեսն էր։ Մենք ստեղծել ենք նրա կոլաժների պրոյեկցիաներով զգեստներ. դա բոլորովին նոր բան էր: Նրա արվեստն այնքան ոգեշնչող է, որ ես ցանկացա այդ կախարդանքը փոխանցել գործվածքներին։ Կարծում եմ՝ հաջողվեց: Նախագիծ կար նաև Pepsi-ի՝ մեր համագործակցի հետ։ Մենք ստեղծեցինք հավաքածու, և, անկեղծ ասած, այն ակնթարթորեն սպառվեց: Մեկուկես ամսում վաճառվածը, գիտեք, միշտ այդպիսի թեստ է. երբ հաճախորդները ոչ միայն ասում են, որ դա լավ է, այլեւ հաստատում են գնումներով: Հենց դա է իսկական հաջողությունը»:

Նա դադար է տալիս, կարծես էլի ինչ-որ բան է հիշում. «Նորաձևությունը միշտ շարժում է: Նույնիսկ եթե դու  համաշխարհային իրադարձությունների կենտրոնում չես, դու ստեղծում ես քո սեփական տարածքը, քո սեփական ռիթմը: Սա է գլխավորը»:

«Ներշնչանքին սպասել չի կարելի»

Երբ ես հարցրի, թե որտեղից է քաղում իր ներշնչանքը, Ֆաինան անկեղծորեն պատասխանեց. «Ներշնչանքը հրաշալի բան է, բայց, գիտե՞ք, դրան սպասել չի կարելի: Երբ ունես ապրանքանիշ, խանութներ, հաճախորդներ, չես կարող նստել ու սպասել, որ մուսան գա: Դու աշխատում ես։ Եվ երբեմն ոգեշնչումը գալիս է ընթացքում: Ես կարող եմ տեսնել մի կադր ֆիլմից, հին լուսանկար  կամ նույնիսկ ինտերիերի դետալ, և սա արդեն կարող է դառնալ հենման կետ: Օրինակ՝ այժմ աշխատում ենք կորսետների հավաքածուի վրա։ Ես տեսա մի բարդ դիզայն մեկ լուսանկարում, և այն ինձ գրավեց: Ես ուզում էի փորձել: Փորձարկումներ ենք անում, և եթե ամեն ինչ ստացվի, մի քանի շաբաթից հավաքածուն վաճառքում կհայտնվի։ Փորձարկումը ռիսկ է, բայց առանց դրա նորաձեւությունը կորցնում է իր իմաստը»։

Երիտասարդություն, որը ոգեշնչում է

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Faina Arutyunyan (@faina_fashion)

 

… «Ես սիրում եմ նայել, թե ինչպես են հագնվում երիտասարդները: Նրանք անհավանական են: Հիմա աղջիկներն ու տղաները այնքան ոճային են, ազատ, գիտեն, թե ինչ են ուզում, և դա նկատելի է ամեն ինչում՝ սկսած հագուստի ընտրությունից մինչև շփվելու ձևեր։ Նրանց հասանելի է տեղեկատվություն, որը մենք չունեինք: Սա աներևակայելի ոգեշնչող է: Կարծում եմ, որ դիզայները պետք է միշտ մատը զարկերակի վրա պահի և հասկանա, թե ինչն է հետաքրքիր երիտասարդներին։ Իհարկե, իմ հաճախորդը ամենից հաճախ ինձ ինչ-որ չափով նման անձնավորություն է։ Բայց ես փորձում եմ հետ չմնալ ու փորձեր անել՝ արդիական մնալու համար»:

Ոճը ինքդ քեզ հետ անկեղծ լինելն է

«Ի՞նչն է ոճը յուրահատուկ դարձնում»: Այս հարցը վաղուց էր  պտտվում գլխումս։
Ֆաինան պատասխանեց առանց վարանելու. «Ոճը ներդաշնակության մասին է: Կարելի է կրել ամենաշքեղ զգեստը, բայց եթե դրանում դուք ձեզ վստահ չեք զգում, դա նկատելի կլինի։ Ոճը թրենդների մասին չէ, այլ ինքդ քեզ հետ անկեղծ լինելու: Հագուստը պետք է օգնի ձեզ հավատարիմ լինել ինքդ քեզ, ոչ թե թաքցնի քեզ: Միայն դրանից հետո է ամեն ինչ աշխատում: Այդ դեպքում զգեստը դառնում է ոչ թե պարզապես իր, այլ քո երկարացումը»։

Ինձ հաճախ են հարցեր տալիս մեր աստղերի ոճի մասին»,- ժպտում է Ֆաինան: «Եվ պետք է ասեմ, որ նրանց մոտեցումը վերջին տարիներին դարձել է ավելի բազմազան և անհատական: Կան արտիստներ, որոնք անհավատալի տեսք ունեն, նրանց ոճաբան պետք չէ, նրանց ճաշակն անթերի է։ Բայց կան նաեւ այնպիսիք, որոնց նա ուղղակի… պետք է։ Իրականում, ես միշտ ասում եմ, որ որևէ մեկին «պատճենելու» մեջ վատ բան չկա, քանի դեռ դա քեզ ոգեշնչում է։ Հիմնական բանը ներշնչանքի և սեփական անհատականության միջև հավասարակշռություն գտնելն է: Բայց ես կցանկանայի, որ մեր հայտնիներն ավելի շատ համագործակցեին պրոֆեսիոնալ ոճաբանների հետ։ Երբեմն, անկեղծ ասած, մեկ ավելորդ լրծքազարդը կամ սխալ աքսեսուարը կարող է փչացնել ամբողջ կերպարը»։

Ամանոր. փա՞յլ, թե՞ հարմարավետություն

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Faina Brand (@faina_official)

 

Զրույցը սահուն անցավ տոների թեմային։ «Ամանորը միշտ յուրահատուկ պահ է։ Բայց կարևոր է հիշել, թե ինչպես և որտեղ եք նշում տոնը, ինչպես պետք է հագնվել: Եթե ​​դա ռեստորանում խնջույք է, դուք պետք է լինեք ամենավառը, ամենադիտարժանը: Եթե ​​երեկո է բուխարիի մոտ՝ ընտանիքիդ հետ, հարմարավետությունն ավելի կարևոր է: Այս տարի որոշեցինք մի փոքր հեռանալ ավելորդ փայլից։ Խանութներն արդեն հեղեղված են շողշողուն զգեստներով, բայց դրանք մեկանգամյա հագուստ են։ Ես ուզում եմ, որ իմ իրերը կրեն նաեւ տոներից հետո։ Օրինակ, կորսետները, դրանք զգեստապահարանի ունիվերսալ տարր են: Հագեք այն տաբատի կամ կիսաշրջազգեստի հետ և ձեր կերպարը պատրաստ է երեկույթի համար։ Եվ հետո դուք կարող եք համատեղել այն ձեր առօրյա կյանքում: Իմ փիլիսոփայությունը պարզ է՝ հագուստը պետք է լինի քո շարունակությունը, ոչ թե ժամանակավոր աքսեսուար»:

Ամանորյա նախանշաններ և մի փոքր կախարդանք

Ամանորի ավանդույթների մասին հարցին ի պատասխան Ֆաինան ժպտաց. «Ես սիրում եմ նախանշանները, հատկապես դրականները: Ամեն տարի ինքս ինձ անպայման զարդ եմ նվիրում՝ մատանի, թեւնոց կամ ականջօղ։ Սա իմ անձնական ծեսն է՝ նոր բան նշանակում է նոր հաջողություն։ Ինձ թվում է, որ նման մանրուքներն օգնում են  դրական տրամադրվել: Կարևոր է լավ տրամադրություն ունենալը, իսկ զգեստը պարզապես հավելում է։ Եթե ​​դուք հաշտ եք ինքներդ ձեզ հետ, ապա ձեզ ոչ մի թրենդ պետք չէ: Ամանորը կախարդանք է, որը մենք ինքներս ենք ստեղծում»:

Share This