Շնորհավոր Հայ մամուլի օրը․ ճշմարտությանը հավատարիմ խոսքը մեր հասարակության հենասյունն է
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, մամուլի բնագավառի հարգարժան աշխատակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Հայ մամուլի օրվա առթիվ։
Հայ մամուլը մեր ժողովրդի ազգային զարթոնքի, ազատ խոսքի և ինքնության պահպանման պատմության անբաժան մասն է։ Հայոց գրի ու խոսքի ուժով սերունդներ են կրթվել, ճշմարտություններ բարձրաձայնվել, ազգային արժեքներ պահպանվել, իսկ հայրենիքի վաղվա օրվա հանդեպ հավատը՝ փոխանցվել սերնդեսերունդ։
Մեր օրերում տեղեկատվության հեղեղի, կեղծ լուրերի, արհեստական բանականության և հանրային կարծիքի վրա ներգործելու բազմազան միջոցների պայմաններում անչափ կարևոր է խոսքի մաքրությունը, լրագրողի անաչառությունը և ճշմարտության առաջ ունեցած պատասխանատվությունը։
Այսօր էլ մեզ անհրաժեշտ է մամուլ, որը հավատարիմ է փաստին, զգայուն՝ մարդու ցավի ու հոգսի հանդեպ, համարձակ՝ խնդիրները բարձրաձայնելիս և պատասխանատու՝ յուրաքանչյուր բառի համար։
Շիրակի լրագրողները ոչ միայն պատմում են մարզի անցուդարձի մասին, այլև լսելի են դարձնում մարդու ձայնը, բարձրացնում համայնքների հոգսերը և հանրությանը հաղորդակից դարձնում մեր մարզի ձեռքբերումներին ու դեռևս չլուծված խնդիրներին։
Այնտեղ, որտեղ կա անաչառ խոսք, ձևավորվում է վստահություն, որտեղ կա առողջ քննադատություն՝ ծնվում է բարելավման հնարավորություն, իսկ որտեղ ճշմարտությունը վեր է անձնական շահից, ամրանում են պետությունն ու հասարակությունը։
Թող ժամանակակից աշխարհի նոր մարտահրավերները չխամրեցնեն հայ մամուլի ազգային նկարագիրը, մեր լեզվի գեղեցկությունն ու խոսքի արժանապատվությունը։ Թող նոր տեխնոլոգիաները ծառայեն ճշմարտության տարածմանը, իսկ մասնագիտական ազատությունն անբաժան մնա պատասխանատվությունից ու հայրենիքի հանդեպ հոգատարությունից։
Եվս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` բոլորիդ մաղթում եմ ամուր կամք, սուր միտք, բարի ու ազնիվ գրիչ, ստեղծագործական նոր հաջողություններ։
Շնորհավո՛ր Հայ մամուլի օրը։
