<<Նավթոգազը>> նոր հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան՝ ընդդեմ <<Գազպրոմի>>
Ուկրաինական «Նավթոգազ» ընկերությունը 12 մլրդ դոլարի հակընդդեմ հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան ռուսական «Գազպրոմ» ընկերության դեմ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով ուկրաինական ընկերության տնօրեն Յուրի Վիտրենկոյին:
Վերջինս ընդգծել է, որ ռուսական կողմը դատարան է դիմել 2018-ի ապրիլին: Այժմ «Նավթոգազը», նրա խոսքով, «պաշտպանվում է», այդ իսկ պատճառով հակընդեմ հայց է ներկայացրել:
Ընկերության գործադիր տնօրենը նաև նշել է, որ ուկրաինական կողմը ակնկալում է նոր արբիտրաժի վերաբերյալ որոշում կայացնել 2021-ին:
2017-ի դեկտեմբերին և 2018-ի փետրվարին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը որոշում է կայացրել երկու ընկերության միջև վիճարկվող վառելիքի տարանցիկ տեղափոխման և մատակարարման շուրջ պայմանագրերի վերաբերյալ:
Մատակարարման պայմանագրերի մասին հայցով դատարանը պարտավորեցրել է ուկրաինական կողմին ռուսական ընկերությանը ավելի քան 2 մլրդ դոլար վճարել: Սակայն երկրորդ որոշումը տարանցիկ փոխադրումների մասին հայցով դատարանը կայացրել է ուկրաինական ընկերության օգտին՝ պարգևատրելով «Նավթոգազին» 4.7 մլրդ դոլարով:
