Նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ ՀՀ–ի խումբ գործերի մի շարք վճիռների կատարողական-վերահսկողական վարույթներ

Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը տեղեկացնում է, որ 2024 թվականի դեկտեմբերի 3-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ավարտել է Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի, Նալբանդյանն ընդդեմ Հայաստանի, Գուլյանն ընդդեմ Հայաստանի, ինչպես նաև Ենգիբարյանը և Սիմոնյանն ընդդեմ Հայաստանի գործերով վճիռների կատարողական-վերահսկողական վարույթները։

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Վիրաբյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով, ի թիվս այլնի, արձանագրել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի
խոշտանգումներն արգելող 3-րդ հոդվածի (թե՛ դատավարական, թե՛ նյութական բաղադրիչների մասով) խախտումներ, որոնք մասնավորապես վերաբերել են ոստիկանական բաժանմունքներում դիմումատուների նկատմամբ վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերին և նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրմանը և հետագա քննությանը:

Նախարարների կոմիտեն 2024 թվականի դեկտեմբերի 3-ի բանաձևով արձանագրել է կարևոր
առաջընթաց, որը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության՝ ոստիկանության կողմից վատ
վերաբերմունքի և անարդյունավետ քննությունների դեմ պայքարի ոլորտում ձեռնարկված մի շարք միջոցառումների արդյունքում։

Մասնավորապես, Նախարարների կոմիտեն դրական է գնահատել հետևյալ միջոցառումների
իրականացումը.

1. նոր Քրեական օրենսգրքի և նոր Քրեական դատավարության օրենսգրքի ընդունումը, որոնցով
արգելվեց ներում, համաներում և վաղեմության ժամկետն անցնելու հիմքով քրեական
պատասխանատվությունից ազատվելու ինստիտուտների կիրառումը խոշտանգում կատարած անձանց
նկատմամբ.
2. վատ վերաբերմունքի դեմ երաշխիքների ուժեղացումը.
3. քննչական գործողությունների ընթացքում տեսաձայնագրում իրականացնելը և ոստիկանության
բաժինների մուտքի և ելքի կետերում տեսահսկում իրականացնելու պարտավորությունը
4. վատ վերաբերմունքի հիմքում ընկած քաղաքական այլ հայացքների դրդապատճառը քննելու համար
ձեռնարկված օրենսդրական և գործնական միջոցները.
5. քրեակատարողական հիմնարկներում վատ վերաբերմունքի արձանագրման ձևերի ընդունումը.
6. այլ միջոցառումները՝ ուղղված ոստիկանության ոլորտի բարեփոխմանը ոստիկանության
ծառայողների նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը, ինչպես նաև նրանց
մասնագիտական ​​կրթության վերանայմանը, ինչպես նաև.
7. ոստիկանության համապարփակ բարեփոխումները, քննչական մարմինների կարողությունների
շարունակական զարգացումը և ոստիկանության բաժիններում վատ վերաբերմունքի դեպքերի
արձանագրման և անանուն հաղորդում ներկայացնելու համակարգի ընդլայնումը:

Վատ վերաբերմունքի և խոշտանգման դեպքերի, ինչպես նաև նշված դեպքերի ոչ պատշաճ արձանագրման և
քննության հետ կապված բարեփոխումները շարունակելու են լինել Նախարարների կոմիտեի ուշադրության
կենտրոնում Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերի կատարողական-
վերահսկողական վարույթի շրջանակում։

Share This