Մի շնորհավորանքն ինչ էր, որ չհնչեց

 Հայաստանի 3-րդ հանարապետության հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ծննդյան 75-ամյակն էր: Մեծ թվով մարդիկ շնորհավորեցին, գեղեցիկ մաղթանքներ հնչեցին: Սակայն 2008 թվականին Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբի անդամ և նրա անմիջական մասնակցությամբ մեծ քաղաքականություն մտած Նիկոլ Փաշինյանն անտեսեց իր երբեմնի քաղաքական առաջնորդին և նույնիսկ չշնորհավորեց նրան տարեդարձի առթիվ: Օրվա իշխանությունից միայն նախագահ Արմեն Սարգսյանը դա արեց։ Շնորհավորեց նաև Արցախի նախագահը: Մինչդեռ իր պաշտոնավարման ընթացքում Փաշինյանը ծննդյան հոբելյանի կապակցությամբ բազմաթիվ շնորհավորական ուղերձներ է հրապարակել: Շնորհավորել է Վլադիմիր Պուտինին, Դմիտրի Մեդվեդևին, Նիկոլայ Ռիժկովին, Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին, կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանին, Տիգրան Մանսուրյանին, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, ջազմեն Մալխասին, տասնյակ այլ գործիչների, սակայն իր քաղաքական կարիերան կերտած Տեր-Պետրոսյանի ծննդյան օրը Փաշինյանը չհիշեց: Օրը նշանավորվեց ռեստորանների ու «օբյեկտների» ոսկեզօծ զուգարանների քննարկմամբ, իսկ Հայաստանի 3-րդ Հանրապետության ստեղծման ու կայացման գործում մեծ ավանդ ունեցած Տեր-Պետրոսյանին հարկ չհամարեց շնորհավորել։ Հիշեցնենք, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում Փաշինյանը Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակով ընտրվել է ԱԺ պատգամավոր, մինչ այդ՝ 2008 թվականից վայելել է Տեր-Պետրոսյանի քաղաքական հովանավորությունը, նախագահական ընտրություններից հետո ղեկավարել բողոքի զանգվածային ցույցերը․
«Առաջին նախագահը մի ահավոր, շատ վատ խասիաթ ունի. ինքը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս»,- Տեր Պետրոսյանի մասին 2008-ին ասում էր Փաշինյանը: 2018-ի հեղափոխությունից հետո Տեր-Պետրոսյանը զուսպ, բայց ողջունեց կատարված փոփոխությունները, իսկ ՀԱԿ-ական շրջաակները միակներից էին, որ ջերմեռանդորեն մեկուկես տարի է պաշտպանում են Փաշինյանին և նրա բոլոր քայլերը, դատապարտելով նրա հակառակորդներին և շշպռելով նրան քննադատողներին:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )