Մինչ Երևանում մարդիկ իրար էին ուտում, Փաշինյանը Փարիզում խաղաղություն էր քարոզում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 11-12-ն աշխատանքային այցով գտնվում էր Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում՝ մասնակցելու նախ Փարիզի խաղաղության երկրորդ համաժողովին, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ի 40-րդ կոնֆերանսին։ Փաշինյանին այցի ընթացքում, ինչպես գրեթե միշտ, ուղեկցում էր կինը՝ Աննա Հակոբյանը, որը, ինչպես հասկացանք, Փարիզ էր ժամանել այլ օդանավով՝ ոչ թիվ մեկ բորտով, որով մեկնել էին նրա ամուսինը, ԱԳ նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը, ԱԺ աշխատակազմի աշխատակիցներ, լրագրողներ։
Փարիզում էին աշխարհի 40 երկրների պատվիրակություններ։ Այս կոնֆերանսը երկրորդ տարին է կազմակերպվում Ֆրանսիայի կողմից, եւ հրավերներ են ուղարկվում բոլոր երկրների ղեկավարներին։ Այստեղ խոսում եւ քարոզում են խաղաղություն։ Նիկոլ Փաշինյանն էլ խոսեց խաղաղության մասին, սակայն բուն կոնֆերանսի ժամանակ նրա կողմից ելույթ նախատեսված չէր․ նա խոսեց տաղավարներից մեկում՝ «վարպետաց դաս» ձեւաչափով քննարկման ժամանակ։ Նախ խոսեց արցախյան խնդրից՝ ծագումից մինչեւ կարգավորման գործընթաց, ներկայացրեց իր պատկերացումները խնդրի հնարավոր խաղաղ լուծման մասին՝ միեւնույն ժամանակ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել ուժի դիրքերից։
Ուշագրավ է, որ մինչ ՀՀ վարչապետը Փարիզում խաղաղություն էր քարոզում, այստեղ՝ Հայաստանում, մարդիկ «իրար էին ուտում» իշխանության վարած պրոբլեմատիկ քաղաքականության պատճառով։ Մի խումբ ցուցարարներ պահանջում էին Փաշինյանի ամենաֆավորիտ նախարարներից մեկի՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականը, ԱԺ-ում ԲՀԿ-ականներն ու իմքայլականներն էին մարտնչում, «Իմ քայլի» պատգամավորներն էլ առանձին էին, թեւերի բաժանված, իրարից հաշիվ պահանջում ինչ-որ քվեարկությունների պատճառով։ Սակայն, ինչպես զգացինք վարչապետի հետ մեր զրույցներից, նա բավականին թեթեւ, եթե չասենք՝ մատների արանքով է նայում երկրի ներսում տեղի ունեցող իրադարձություններին՝ ո՛չ մթնոլորտի շիկացումն է նկատում, ո՛չ հասարակության մեջ կառուցված բարիկադներն ու փոխադարձ ատելությունը։ Նրան ավելի շատ հուզում են հայ-ադրբեջանական հարաբերությունները, ուստի Փարիզում ջերմ, բարեկամական շփում հաստատեց ադրբեջանցի մի բլոգերի հետ, որը նրա ելույթից հետո խոսք խնդրեց ու մի քանի հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին։ ՀՀ վարչապետի ու ադրբեջանցի բլոգերի շփումը, սակայն, միայն հարցուպատասխանով չավարտվեց։ Վարչապետին հարց ուղղած ադրբեջանցին, որն ասաց, որ ծնվել է Վարդենիսում, իր գրիչը նվիրեց Նիկոլ Փաշինյանին, երբ նկատեց, որ վերջինս գրիչ է փնտրում՝ իր հարցերը գրի առնելու համար։
«Սա նվեր է Ադրբեջանից»,- ասաց բլոգերն ու գրիչը տվեց Փաշինյանին։ Վերջինս սիրով ընդունեց այն։ Հարցուպատասխանի ավարտին էլ ադրբեջանցի բլոգերը ՀՀ վարչապետին առաջարկեց լուսանկարվել, ինչը եւս չմերժեց Փաշինյանը։ Իսկ ի՞նչ էր հարցնում ադրբեջանցին Փաշինյանին։ Նա ՀՀ վարչապետին հիշեցրեց Ստեփանակերտում հնչեցրած իր այն հայտարարությունը, թե «Արցախը Հայաստան է եւ վերջ»՝ հարցնելով, թե ինչպես է Հայաստանը խաղաղությունից խոսում՝ նման հայտարարություն անելով։ Փաշինյանն էլ հիշեցրեց, որ Ադրբեջանի կառավարությունը շարունակում է սպառնալ, թե Զանգեզուրն Ադրբեջանի մաս է, Երեւանը, որ Հայաստանի մայրաքաղաքն է, Ադրբեջանի մաս է, Սեւանա լիճը, որ գտնվում է Հայաստանի տարածքում, ադրբեջանական է։ «Եվ նրանք դրանով շարունակում են հետապնդել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաեւ Սյունիքի մարզը եւ Հայաստանի մայրաքաղաքն օկուպացնելու միտքը․․․ Ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել ուժի դիրքերից։ Մեր նպատակը խաղաղությունն է։ Մենք որեւէ մեկին չենք սպառնում մեր տարածաշրջանում»,- ասաց Փաշինյանը` երկար բացատրելով իր մոտեցումներն այս հարցում։
Որպես ակնկալիք՝ Հայաստանի վարչապետը նախ հիշեցրեց իր հայտնի թեզը, որ կրկնում է վերջին 1-1.5 տարում՝ Արցախի հարցի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար, ապա նշեց, որ ինքն ակնկալում է նույնը լսել Ադրբեջանի կառավարությունից։ «Եվ ես հիմա դիմում եմ անձամբ նախագահ Ալիեւին՝ միանա մեզ եւ անի նույն հայտարարությունը՝ Արցախի հարցը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար՝ դրանով գոնե փոքր առաջընթաց ապահովելով բանակցային գործընթացում»,- ասաց Փաշինյանը։
Ադրբեջանցի բլոգերը մի տարօրինակ պնդում էլ արեց, թե Ղարաբաղը միջազգային հանրության կողմից ճանաչված է որպես մեկ այլ պետության մարզ։ Փաշինյանը զարմացավ՝ եթե Լեռնային Ղարաբաղը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մարզ, ինչի՞ համար են, այդ դեպքում, իրենք բանակցում, որ որոշեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ապա, որպես իր ասածի հավաստում, Փաշինյանը մի հայտարարություն արեց, որը պակաս տարօրինակ չէր․ «Կա միջազգայնորեն հաստատված բանակցային ձեւաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, եւ այդ ձեւաչափի առաքելությունն է՝ որոշել Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»։
Այս հայտարարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ այդ «տարօրինակ» հայտարարությունը վերագրելով, հավանաբար, Փաշինյանի ոչ կատարյալ անգլերենի իմացությանը։ Նա նկատել է, թե գուցե վարչապետն իմացել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը չունի Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու մանդատ, պարզապես անգլերենով չի կարողացել ճիշտ ձեւակերպել իր միտքը։
