Մերցը հայտարարել է, որ Գերմանիան այլևս խաղաղության մեջ չէ
Գերմանիան այլևս խաղաղության վիճակում չի գտնվում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։
Նա մեկնաբանել է այն հարցը, թե որքանո՞վ է ինքը գնահատում Գերմանիայի համար զինված հակամարտության ռիսկը։ «Ես ուզում եմ դա ասել մի արտահայտությամբ, որը թերևս առաջին հայացքից մի փոքր ցնցող թվա, բայց ես հենց դա նկատի ունեմ. մենք պատերազմի մեջ չենք, բայց մենք այլևս խաղաղության մեջ էլ չենք», – պնդել է կանցլերը Rheinische Post թերթի կազմակերպած միջոցառման ժամանակ։ «Մենք ապրում ենք բոլորովին այլ աշխարհում», – ընդգծել է Մերցը։
Նա նաև մեկնաբանել է չճանաչված ԱԹՍ-ների (անօդաչու թռչող սարքերի) հետ կապված իրավիճակը։ Ըստ նրա, Դանիայի և գերմանական Շլեզվիգ-Հոլշտայն ֆեդերալ տարածքի վրայով անօդաչու թռչող սարքերի վերջին թռիչքները մտահոգություն են առաջացնում։ «Մենք դեռևս հստակ չգիտենք, թե դրանք իրականում որտեղից են եկել», – հայտարարել է կանցլերը։ Նրա խոսքով, լավագույնն այն կլիներ, որ ընդհանրապես թույլ չտային այդ դրոնների ներթափանցումը եվրոպական օդային տարածք։
Սեպտեմբերի 27-ին ԳՖՀ ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը հայտարարել է, որ ուրբաթ գիշերը Շլեզվիգ-Հոլշտայն երկրամասում «նկատվել են դրոնների երամներ»։ Նախարարը մատնանշել է Գերմանիայի երկնքում չճանաչված ԱԹՍ-ների հայտնաբերման դեպքերի թվի աճը և հայտնել, որ արդեն աշնանը մտադիր է ներկայացնել կասկածելի անօդաչու սարքերին հակազդելու պլանը։
