«ՄԱՐՏԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ, ՀԵՐՈՍԱԲԱՐ ԶՈՀՎԵԼ Է ԹՇՆԱՄՈՒ ԱՆՕԴԱՉՈՒ ԹՌՉՈՂ ՍԱՐՔԻ ՀԱՐՎԱԾԻՑ». ԱՅՍՕՐ ԱՆՄԱՀ ՀԵՐՈՍ ԱՐԹՈՒՐ ԱՆՏՈՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՆ Է

Այսօր, նոյեմբերի 2-ը, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի անմահ հերոս ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿԻ ԱՆՏՈՆՅԱՆԻ հիշատակի օրն է, 3 տարի է անցել։ Եռաբլուր զինվորական պանթեոնում, նրա շիրիմին են այցելել հարազատներ, ընկերներ, հյուրեր, ծաղիկներ խոնարհել ու խնկարկել ։Արթուրը ծնվել է 1997 թվականի օգոստոսի 21-ին, Երևանում: 2004-2014թթ. սովորել է Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 միջնակարգ դպրոցում։ Նա Աբովյան համայնքի Առինջ բնակավայրից էր:

Անմահ հերոսի մայրը, տիկին ԲԵԼԼԱ ՏԱՇՉՅԱՆԸ, Iravunk. com -ի հետ զրույցում նշեց.

«Որդիս ընդունվել էր Եվրոպական համալսարան, սովորել զբոսաշրջության բաժնում։ Լինելով սպորտի մեծ սիրահար, փոքր տարիքից զբաղվել է ֆուտբոլով, եղել է «Փյունիկ» մարզական ակումբի սան: Ուժերը փորձել է նաև ըմբշամարտում ու հասել մեծ հաջողությունների, նվաճումների։ Բարի ու հանգիստ բնավորություն ուներ Արթուրս, անվերջ ձգտում էր մի նոր բան սովորել, շատ էր սիրում ճանապարհորդել ու ցանկանում էր ծառայության ավարտից հետո շրջագայել աշխարհի տարբեր երկրներում։ 2018 թվականին ընդունվեց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։ 1 տարի սովորելուց հետո ավագ լեյտենանտի կոչումով ծառայության է անցել Ստեփանակերտում։ Իր զինվորների համար, նա եղել է ոչ միայն հրամանատար, այլ նաև եղբայր ու ավագ ընկեր, նույն հոգատարությամբ ու սրտացավությամբ է նրանց հետ միասին կռվել պատերազմի ժամանակ։ 2020-ի սեպտեմբերի 27-ից, Արցախյան 44-օրյա ահաբեկչական պատերազմի հենց առաջին իսկ օրից, մասնակցել է մարտական գործողությունների։ Ճիշտ ու գրագետ հաշվարկների շնորհիվ, կանխել է թշնամու հարձակումը և հրետանիով ոչնչացրել թշնամու մեծաքանակ կենդանի ուժ և զրահատեխնիկա։ Պատերազմի թեժ օրերին, երբեք չի ընկճվել, չի նահանջել, հուսադրող հարցազրույց է տվել այն մասին, որ պատրաստակամորեն պայքարում են, որպեսզի ազգը չմտահոգվի։ Որդիս, իր դասակով մասնակցել է Ակնայի համար մղված մարտերին։

Հոկտեմբերի 13-ին, տեղափոխել են Մարտակերտ – Մատաղիս-Թալիշ ուղղությամբ և մասնակցել տվյալ տարածքում մղվող մարտերին, ապա հոկտեմբերի 20-ին, տեղափոխվել է Ճարտար և մարտկոցի կազմով մասնակցել Ամարասի, Կարմիր շուկայի, Շեխերի համար մղվող ռազմական գործողություններին։ Հոկտեմբերի 31-ին, մարտական առաջադրանք կատարելու նպատակով տեղափոխվել է Մարտունի։ Լուծելով իրենց առջև դրված մարտական խնդիրը, նոյեմբերի 2-ի առավոտյան, Խոջավենդ կրակային դիրքում, մարտական առաջադրանք կատարելու և զինվորներին օգնելու ժամանակ, հերոսաբար զոհվել է թշնամու անօդաչու թռչող սարքի հարվածից»։ Բացառիկ խիզախության ու գործած սխրանքների համար, Արթուր Անտոնյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ 2֊րդ աստիճանի» շքանշանով։ Հավերժ փառք քեզ, անմահ Հերոս ։Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում….

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Share This