Մարդը, երբ սկսում է համոզվել, որ երեկ այսօր եւ մշտապես խաբված է

Մարդը, երբ սկսում է համոզվել, որ երեկ այսօր եւ մշտապես խաբված է, իրեն մի միտք է անհանգստացնում, ի՞նչ անել եւ ամենակարեւորը՝ ի՞նչպես, որ չկորցնի աշխատանքը, բայց միեւնույն ժամանակ իրեն հիմարի տեղ չդնեն։ Հասկանում է, որ իսկապես թացը չորի հետ վառվում է։ Դա հատկապես զգում է այն ժամանակ, երբ փորձում է արժանահավատորեն գնահատել կատարած աշխատանքը։ Սկսում է վրդովվել, որովհետեւ նա աշխատում է, կատարելով իր աշխատանքը եւ դրան գումարած, այն ինչ այդ պահին կարող է անել(մանր -մունր թղթաբանություն, որոշակի պատասխանատվություն պահանջող աշխատանքներ)։ Այսինքն՝ ամենակոպիտ հաշվարկներով ստացվում է, որ երբեմն 3 հոգուց ավելիի փոխարեն է աշխատում, բայց նա եւ նրա գլուխ պահող կոլեգան, որը տնօրենի յուրայինն է եւ տվյալ աշխատավայրում ընդամենը ապահովում է ֆիզիկական ներկայություն(էն էլ տեսչական մարմինների ստուգման ժամանակ, թե բա ինչի՞ ասեն տնօրենի քրոջ որդին իր տեղում չէ…) երկուսն էլ ստանում են նույն X չափի գումար։ Առաջին խելոքության ապացույցը, ապակայուն վիճակի մասին փորձես բացատրություն պահանջել, այնուհետեւ առաջարկել խնդրի լուծման քո ուղիները։ Ծիծաղելի է չէ՞, որ մի տնօրենը տեղյակ չէ իր հիմնարկության սեւ եւ սպիտակ, թափանցիկ եւ ստվերային դաշտից։ Հենց ինչ-որ մեկը փորձում է խոսել իրավունքներից, տնօրենը սկսում է սաստել կամ շատ քաղաքակիրթ ձեւով առաջարկում, որ դուռը ծածկի դրսից, քեզնից բարձր կանգնածը ցուցամատի շարժումով կասի, «Գնա, հաջողություն դու չլինես, մորքուրիդ տղան կլինի»։ Առաջին արդարացի որոշմամբ, գործազուրկների թիվը համալրվում է եւս մեկով, ով փորձել է ի նշան բողոքի՝ արդարության հետքերով գնալ։ Պողոսին փոխարինելու է գալիս Պետրոսը։ Տնօրենի այս տեսակը, որը իրեն դեմ ըմբոստացողին կարող է սպառնալ, որ կազատի աշխատանքից, իր համար էական չէ, ով կաշխատի իրենց մոտ՝ Պողոսը թե՞ Պետրոսը, ամենակարեւորը մարդ , ով կունենա՝ փափուկ երես , փողի կարիք, կամայականություններ կատարելու ջիղ եւ ամեն ինչին հարմարվող տեսակ կլինի(աշխատանքային ժամից ավել աշխատել առանց հավելավճարի)։ Սիմոն էշս տար, Սիմոն էշս բեր։ Այս կերպ մտածող ղեկավարներին պետք են մարդիկ, որոնք խելք ունեն կարող են գումարներ բերել հիմնարկ եւ ապահովել ֆինանսական հոսքեր, բայց ռեսուրս չունեն՝ այսինքն միշտ կախյալ վիճակում են՝ տնօրենից ու ցանկացած իրավիճակին կհարմարվեն։ Այս մարդկանց տեսակը ՝ կրակին թեժություն ապահովող չոր փայտն են, իսկ այն գլուխ պահող աշխատողները, որոնք տնօրենի մերձավորներն են, իրենք էլ թաց փայտն են։ Փորձը ցույց է տվել թեժ կրակը պահպանելու լավագույն միջոցը ՝ չոր փայտին մի քիչ թաց փայտ ավելացնելն է։ Չորը եւ թացը իրար հետ վառվելով կպահեն մարմանդ վիճակը։ Ավագ սերունդը ասում է, «Եթե, դու չուզես խաբվել, քեզ ոչ-ոք չի խաբի, այսինքն՝ պիտի զգոն եւ պահանջատեր լինես միշտ …»։ Ընդունված աքսիոմա է մարդիկ երկու խմբի են բաժանվում՝ շահագործողներ եւ շահագործվողներ։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )