Մասնագետները նշել են՝ որ մթերքն է օգնում ճնշել ախորժակն ու ազատվել ավելորդ քաշից

Ավելորդ քաշից ազատվելու լավագույն միջոցն ախորժակը վերահսկողության տակ պահելն ու ավելորդ մթերքի գործածությունից խուսափելն է, սակայն երբեմն ախորժակը ճնշելը բավական բարդ է լինում: Նման խնդիրներից խուսափելու համար մասնագետները ներկայացրել են մի քանի մթերք, որոնք հագեցնում են ու ազատում են քաղցի զգացումից՝ թույլ չտալով ավելորդ մթերք օգտագործել:

Ախորժակը ճնշող մթերքի շարքում լավագույններից են հավկիթները, որոնք հարուստ են հեշտ յուրացվող սպիտակուցով, ուստի օգնում են վերահսկողության տակ պահել ախորժակն ու երկար ժամանակով մոռանալ քաղցի մասին: Բացի այդ, սաստիկ քաղցի դեպքում շատ արդյունավետ կարող է լինել մուգ շոկոլադը, որը թույլ է տալիս նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակությունը 10 %-ով:

Ախորժակը ճնշելու համար հիանալի մթերք է նաև խնձորը: Այն հարուստ է սննդային մանրաթելերով, որոնց յուրացման համար օրգանիզմին բավական շատ ժամանակ է հարկավոր: Սա է պատճառը, որ նիհարել ցանկացողներին խորհուրդ է տրվում սննդակարգում խնձոր ներառել:

Քաղցից ազատվելու համար կարելի է նաև չիլի պղպեղ օգտագործել, որում պարունակվող կապսաիցինը ճնշում է ախորժակը: Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև արգանակը, որն ուտելուց առաջ խմելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել օգտագործվող մթերքի քանակությունը:

Պետք չէ անտեսել նաև ավոկադոն, որը հիանալի մթերք է քաշի նվազեցման համար: Այն պարունակում է մեծ քանակությամբ օգտակար բուսական ճարպեր, որոնք հագեցնում են ու ազատում քաղցի զգացումից: Բացի այդ, ախորժակը ճնշող մթերքի շարքին են դասվում նաև կաթնաշոռը, որն օգնում է ամրապնդել մկանային համակարգն ու խթանել նյութափոխանակությունը, լոբազգիները, որոնք հարուստ են օգտակար մանրաթելերով, ինչպես նաև ընկույզներն ու խմորման ենթարկված մթերքը:

Share This