Մասնագետը նշել է՝ ինչ է հարկավոր ուտել տրամադրությունը բարձրացնելու համար
Սերոտոնինը շատ կարևոր քիմիական նյութ է՝ հիմնական նեյրոմեդիատորներից մեկը, որը նաև անվանում են «լավ տրամադրության հորմոն» կամ «երջանկության հորմոն»։ Այս նյութն առաջանում է տրիպտոֆան ամինաթթվից, որն էլ կարելի է հեշտությամբ գտնել սննդամթերքի մեջ։ Այս մասին gazeta.ru-ի հետ զրույցում ասել է ներզատաբան, սննդաբան Ռոման Տերուշկինը։
«Անցկացվել են ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ տրիպտոֆանով հարուստ մթերքի գործածությունը բարելավում է տրամադրությունը սերոտոնինի սինթեզի խթանման հաշվին: Տրիպտոֆանով հարուստ են սպիտակուցների բարձր պարունակությամբ սննդամթերքի տեսակները, որոնց շարքին են դասվում հնդկահավը, հավկիթը, սաղմոնը, կաթը, սոյա պարունակող մթերքն ու պանիրը: Բացի այդ, տրիպտոֆան պարունակում է նաև բանանը, ուստի այն ևս կարող է ներառվել սննդակարգում տրամադրությունը բարձրացնելու համար»,- նշել է մասնագետը։
Նրա խոսքով՝ սերոտոնինը մելատոնինի նախանյութն է, ուստի այն ևս կարգավորում է քնի ու առույգության ցիկլերը։ Բացի այդ, այն անհրաժեշտ է նաև նյարդային համակարգի ճիշտ աշխատանքի և օրգանիզմի կոգնիտիվ ու վեգետատիվ գործառույթների բարելավման համար։
«Սերոտոնինի ցածր մակարդակը կապված է ընկճախտի զարգացման, հիշողության վատթարացման, ինչպես նաև քաղցր մթերք կամ հացաբուլկեղեն ուտելու անհագ ցանկության հետ», – հավելել է Տերուշկինը:
