Մասնագետը նշել է՝ ինչպես ճիշտ հագեցնել ծարավը շոգ եղանակին

Շոգ եղանակին ծարավը հագեցնելու համար հարկավոր է խմել ջուր, մորսեր, կոմպոտներ, թեյ կամ կվաս, սակայն այդ ըմպելիքները չի կարելի շատ արագ խմել կամ օգտագործել չափազանց սառը վիճակում։ Ընդ որում՝ մարմնի զանգվածի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է խմել մոտ 40 մլ հեղուկ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է բժիշկ Անդրեյ Տյաժելնիկովը։

Բժշկի խոսքով՝ շոգ եղանակը հանգեցնում է սթրեսի, ուստի մարմնի ջերմաստիճանը բարձրանում է և օրգանիզմը բոլոր ռեսուրսները վատնում է ջերմակարգավորման ու կենսագործունեության ապահովման վրա։ Արդյունքում այն ավելի շատ հեղուկ է կիրառում, ինչն էլ դուրս է գալիս քրտինքի հետ։ Սա է պատճառը, որ շոգ օրերին հարկավոր է ավելի շատ ջուր խմել։

«Գոյություն չունի որոշակի բաղադրատոմս, թե որքան ջուր է հարկավոր խմել։ Ամեն ինչ կախված է ֆիզիկական ակտիվության ինտենսիվությունից ու մարմնի զանգվածից։ Քաշի յուրաքանչյուր կիլոգրամի դիմաց հարկավոր է մոտ 40 մլ ջուր խմել։ Սովորաբար ծարավի զգացումը խոսում է հեղուկի պակասի մասին, սակայն պետք չէ սկսել շատ արագ ու մեծ չափաբաժիններով ջուր խմել։ Ավելի լավ կլինի ջուրը խմել շատ հաճախ, սակայն մի  քանի կում։ Մաքուր ջրին կարելի է ավելացնել նաև մորսեր, կոմպոտներ, թեյեր ու կվաս», – բացատրել է Տյաժելնիկովը՝ ընդգծելով, որ պետք չէ խմել գազավորված քաղցր ըմպելիքներ կամ հյութեր, քանի որ դրանք չեն հագեցնում քաղցն ու միայն էլ ավելի են ծանրաբեռնում օրգանիզմը։ Բացի այդ, հարկավոր է խուասփել նաև սուրճից, քանի որ այն միայն էլ ավելի է խթանում օրգանիզմից հեղուկի դուրսբերման գործընթացը՝ բարձրացնելով ջրազրկման վտանգը։

Ինչպես նշել է մասնագետը, շոգ եղանակին հատկապես ուշադիր է պետք լինել ալկոհոլային ըմպելիքների գործածության դեպքում։ Բանն այն է, որ ալկոհոլը խանգարում է օրգանիզմի ջերմակարգավորման գործընթացը, նպաստում է օրգանիզմից հեղուկի դուրսբերմանն ու մեծացնում է սրտանոթային համակարգի վրա գործադրվող ճնշումը։ Ավելին՝ արևի ճառագայթների անմիջական ազդեցության ներքո ալկոհոլ օգտագործելը կարող է հանգեցնել առողջական շատ լուրջ խնդիրների զարգացման։

«Շոգ եղանակին օգտագործվող ըմպելիքները կարող են սառը լինել, սակայն ոչ չափազանց սառը։ Մարմնի ջերմաստիճանի և չափազանց սառը ընպելիքի ջերմաստիճանների միջև կտրուկ տարբերության պատճառով օրգանիզմը շոկի է ենթարկվում, ինչը կարող է հանգեցնել իմունային համակարգի թուլացման ու դիմադրողականության անկման։ Շոգ եղանակին ջերմաստիճանի տատանումներով, միջանցիկ քամիներով, պաղպաղակի կամ սառը ըմպելիքների գործածությամբ պայմանավորված սթրեսը օրգանիզմն ավելի խոցելի է դարձնում կորոնավիրուսի նկատմամբ, ուստի հարկավոր է անպայման պաշտպանվել պատվաստման միջոցով։ Պատվաստումը հատկապես կարևոր է տարեցների համար, քանի որ նրանք մյուսներից հաճախ են բախվում հիվանդության ծանր տեսակին», – հավելել է մասնագետը։

Share This