ՄԱՊ-Ի ԱԼԻԿԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԽԱԽՏՎԵԼ ԵՆ․ ԳՈՐԾԸ ՔՆՆՎՈՒՄ Է ԶՐՈՅԻՑ

Նախորդ տարվա օգոստոսից կենաթոշակի գնաց դատավոր Վարդան Արմենակի Գրիգորյանը։ Նրա վարույթում տասնյակ քրեական գործեր էին քննվում, այդ թվում՝ քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի, ՀՀԿ խմբակցությունից նախկին պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) վերաբերյալ քրեական գործերը։

Նախկին պատգամավորի գործն այժմ զրոյից է քննվում այն մակագրվել է Ավանի նստավայրի դատավոր Վարդան Լեւոնի Գրիգորյանին։

Պետրոսյանի պաշտպաններից Գոռ Միքայելյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում նշեց, որ դատաքննություն է ընթանում, այս պահին փաստաթղթեր են հետազոտվում, ինտենսիվ կերպով նիստեր են անցկացվում։

Թոշակի անցած դատավորի եւ դրանից բխած հետեւանքների մասին՝  նա ասաց, որ խախտվել են իր պաշտպանյալի իրավունքները․ «Խախտվել է ոչ միայն ողջամիտ ժամկետում դատաքննություն անցկացնելու իրավունքը, այլ նաեւ օրենքի հիման վրա ստեղծված դատարանի կողմից գործի քննության սկզբունքը։ Երբ գործը մակագրվել էր Վարդան Արմենակի Գրիգորյանին, ու քննում էր, վերջում դատախազությունն այնպիսի պայմաններ ստեղծեց, որ ստիպեց քրեական գործը չկարողանա ավարտել այն դատարանը, որը համարվում էր օրենքի հիման վրա ստեղծված։ Մեղադրական ճառի հերթը, երբ եկավ, դատախազը չներկայացավ նիստին»։

Նոր դատավորին պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել, որը մերժվել է։

Հիշեցնենք, որ այս քրեական գործով անցնում է նաեւ Ալիկ Պետրոսյանի որդին՝ Մակար Պետրոսյանը։ Ալիկ Պետրոսյանը մեղադրվում են փողերի լվացմանն օժանդակելու համար: Ըստ մեղադրանքի՝ հայր եւ որդի Պետրոսյաններն օժանդակել են Բնապահպանության նախկին նախարար, հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանին: Նրանց նկատմամբ կալանքի հետ չկապված խափանման միջոց է ընտրվել։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )