Ճարպերն այրող 9 մթերք, որոնք կօգնեն ազատվել ավելորդ քաշից առանց մեծ ջանքեր գործադրելու
Ավելորդ քաշը բավական տհաճ ու տարածված խնդիր է, որից ազատվելու համար մարդիկ սովորաբար դիմում են խիստ սննդակարգերի ու հատուկ մարզումների օգնությանը, սակայն նման մեթոդները ոչ միշտ են արդյունավետ լինում, իսկ երբեմն էլ որոշակի առողջական խնդիրների պատճառ են դառնում։ Այնուամենայնիվ մասնագետները վստահ են, որ իրականում ցանկալի արդյունքին հասնելու համար շատ մեծ ջանքեր գործադրելու կարիք չկա, քանի որ մի քանի պարզ կանոնին հետևելու դեպքում կարելի է շատ կարճ ժամանակահատվածում ազատվել զգալի ավելորդ քաշից ու կարգի բելեր կազմվածքն առանց մեծ ջանքեր գործադրելու։
Այդ կանոններից մեկը սննդակարգում քաշի նվազմանը նպաստող որոշակի մթերքի ներառումն է, ինչը կօգնի հեշտությամբ հասնել ցանկալի արդյունքին։ Նման մթերքի գործածությունը հատկապես կարևոր է տարվա ցուրտ եղանակներին, քանի որ այդ ժամանակահատվածում մի շարք գործոններ ազդում են մարդու հորմոնալ ֆոնի ու ախորժակի վրա՝ բարձրացնելով ավելորդ քաշ կուտակելու հավանականությունը։ Նման խնդիրներից խուսափելու համար ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ճարպերի այրմանը նպաստող սննդամթերքի լավագույն տեսակները, որոնք հարկավոր է անպայման ներառել սննդակարգում։
Կծու պղպեղ
Կծու պղպեղը պարունակում է կապսաիցին՝ նյութ, որը խթանում է նյութափոխանակությունը և ստիպում է ստամոքսին ու աղիներին ավելի ակտիվ աշխատել, ինչն արագացնում է օրգանիզմում ճարպային հյուսվածքների այրումը։ Բացի այդ, այս մթերքի գործածության շնորհիվ նվազում է արյան մեջ ինսուլինի ու լիպիդների մակարդակն ու բարելավվում է արյան շրջանառությունը։ Ավելին` կապսաիցինը պարունակվում է նաև կոճապղպեղի մեջ, ուստի կոճապղպեղի գործածությունը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել։
Հավկիթ
Ճարպերի այրման գործընթացը խթանելու համար լավագույն սննդարար բաղադրիչը սպիտակուցն է, իսկ հավկիթը դրա լավագույն աղբյուրներից մեկն է։ Ընդ որում` սպիտակուցով հարուստ է անգամ հավկիթի դեղնուցը, որը պարունակում է նաև մեծ քանակությամբ A, B և E վիտամիններ, ֆոսֆոր, երկաթ ու կալցիում։
Չորամրգեր
Ծիրանաչիրն ու սալորաչիրը ունեն ցածր կալորիականություն, նպաստում են ակտիվ մարսողությանն ու հարուստ են մագնեզիումով, որն օգնում է խուսափել սթրեսով պայմանավորված քաղցից ու ախորժակի մեծացումից։ Չորամրգերը կարելի է մանրացնել ու ավելացնել վարսակի փաթիլներին` ստանալով համեղ ու օգտակար մյուսլի։ Նման մթերքը հատկապես օգտակար կլինի ճաշից որոշ ժամանակ անց առաջացած թեթև քաղցը հագեցնելու համար, քանի որ թույլ կտա խուսափել երեկոյան ածխաջրեր օգտագործելու ցանկությունից։
Կտավատի սերմեր
Կտավատի սերմերի մեջ պարունակվող լուծվող մանրաթելերի մեծ մասը ջրի հետ համադրելու դեպքում վերածվում է գելանման զանգվածի, որը դանդաղեցնում է ստամոքսի դատարկման գործընթացը` պահպանելով հագեցվածության զգացումն ու ազատելով քաղցի զգացումից։ 45 հետազոտության մետաանալիզը ցույց է տվել, որ օրական 30 գրամ կամ մոտ երկու ճաշի գդալ կտավատի սերմ օգտագործելն ու միաժամանակ հնարավորինս առողջ սննդակարգով սնվելն օգնում է հեշտությամբ ազատվել ավելորդ կիլոգրամներից։
Ավոկադո
Ավոկադոյի գլխավոր առավելություններից մեկը դրանում մեծ քանակությամբ մոնոչհագեցած ճարպաթթուների առկայությունն է։ Այն, մասնավորապես, հարուստ է L-կարնիտին ամինաթթվով, որը նպաստում է լյարդում կուտակված ճարպերի այրմանը։
Սաղմոնաձկներ
Սաղմոնները պարունակում են մեծ քանակությամբ օմեգա-3 ճարպաթթուներ ու սպիտակուցներ, ինչի շնորհիվ համարվում են ճարպերն այրող լավագույն բնական միջոցներից մեկը։ Սննդակարգում այս ձկները ներառելը թույլ է տալիս հեշտությամբ ազատվել ավելորդ քաշից։
Ծնեբեկ
Ֆոսֆորով ու կալցիումով հարուստ այս մթերքը պարունակում է նաև մեծ քանակությամբ օգտակար վիտամիններ։ Օրինակ` այն պարունակում է վիտամին B2, որը գլյուկոզան ու ճարպերն էներգիայի է վերածում, ինչպես նաև վիտամին B1, որն արագացնում է ածխաջրային ու էներգետիկ փոխանակությունը։
Նուշ
Նուշը հարուստ է օրգանիզմի համար շատ կարևոր մի շարք օգտակար նյութերով, սակայն բացի այդ այն պարունակում է նաև ալֆա-լինոլենաթթու, որը ակտիվացնում է ճարպային փոխանակությունը` նպաստելով քաշի նվազմանը։
Վարսակ
Վարսակը նույնպես կարող է շատ արդյունավետ լինել ավելորդ քաշի դեմ պայքարում, սակայն հարկավոր է հաշվի առնել, որ ամբողջահատիկ վարսակն ավելի շատ լուծվող մանրաթելեր (բետա-գլյուկան) ու սպիտակուց և ավելի քիչ շաքար է պարունակում, քան վարսակի փաթիլները, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս նախապատվությունը տալ ամբողջահատիկ վարսակին։ Նման վարսակով պատրաստված շիլայի մեջ մանրաթելերն ավելի մածուցիկ են լինում, ավելի մեծ մոլեկուլային քաշ են ունենում և ավելի լավ են կլանում հեղուկը, ինչի շնորհիվ շիլան ավելի լավ է հագեցնում և երկար ժամանակով ազատում է քաղցի զգացումից։ Սա թույլ է տալիս նվազեցնել օրվա ընթացքում օգտագործվող կալորիաների քանակությունն ու այդ կերպ նվազեցնել նաև քաշը։
