Ձմռանն անհրաժեշտ 7 հիմնական վիտամինները

Գաղտնիք չէ, որ ձմռանը վիտամինների պակաս կա, ինչը հանգեցնում է հաճախակի հիվանդացության: Ահա 7 հիմնական վիտամիններ, որոնք կօգնեն անցկացնել ձմեռն առանց ընկճախտի ու մրսածության:

Իմունիտետի հիմնական պաշտպանը վիտամին Ց-ն է: Դեղահաբերի տեսքով բժիշկներն առաջարկում են օրական մեկ գրամից ոչ ավելի: Իսկ բնական տեսքով վիտամին Ց-ն շատ է ոչ այնքան լիմոնի և ցիտրուսային այլ մրգերի մեջ, որքան թթու կաղամբի, կիվիի, բուլղարական թարմ պղպեղի, սև հաղարջի մեջ: Ընդ որում, սառեցրած միրգը պարունակում է նույնքան վիտամին, որքան թարմ վիճակում, սակայն եռացրած ջրով մշակման ենթարկել պետք  չէ:

Մրսածությունից հրաշալի պաշտպանում է կարոտինը, որից վիտամին Ա  է սինթեզվում: Կարոտին շատ կա լոլիկի, դրա հյութի, արմավի, դդումի մեջ:

Ինոզիտոլը կամ վիտամին Բ 8-ը պաշտպանում են լյարդն արտաքին ու ներքին վնասակար ազդեցությունից՝ ալկոհոլ, հակաբիոտիկներ, հորմոնալ միջոցներ: Այն նաև պաշտպանում է լյարդը ճարպային շերտով ծածկվելուց: Եվրոպացիների մոտ 70 տոկոսը քիչ շարժվելու և շատ ուտելու հետևանքով տառապում է  լյարդի ճարպակալումից: Բ 8-ի աղբյուրը կաղամբն է, բրոկոլին, չրերը, ձկան խավիարը:

Վիտամին Բ10-ը պաշտպանում է արտաքին վնասակար ազդեցությունից և օրգանիզմում սինթեզում է ինտերֆերոն՝ պաշտպանիչ սպիտակուց, որն օգնում է պայքարել վարակների դեմ: Պատասխանատու է հարթ ու  ձիգ մաշկի համար: Նաև խոնավացնում է մաշկը:

Վիտամին Բ 10-ի աղբյուր է ընկուզեղենը, այծի ու ոչխարի պանիրը, ձվի դեղնուցը:

Երբ դրսում մութ է ու ցուրտ, հաճախ վատ տրամադրություն ենք ունենում՝ չհասկանալով կոնկրետ պատճառը: Հնարավոր է, որ դրա պատճառը վիտամին Բ 1-ի պակասն է: Բանն այն է, որ այդ վիտամինն օրգանիզմում չի պահեստավորվում, և այդ պաշարն անընդհատ համալրելու կարիք կա: Բացի դրանից՝ վիտամին Բ 1-ը քայքայվում է արտաքին գործոններից, օրինակ՝ աղից: Այնպես որ, եթե լոբի եք պատրաստում, իսկ լոբին շատ հարուստ է հենց այդ վիտամինով, աղ պետք է լցնել միայն ամենավերջում: Բացի դրանից՝ վիտամին Բ1-ը քայքայվում է սուրճից: Այնպես որ, սա լա՛վ հիշեք, սրճամոլնե՛ր:

Վիտամին Բ1-ի աղբյուր են լոբին, սիսեռը, հնդկաձավարը, տավարի և խոզի լյարդը, ձուն:

Վիտամի Բ 12-ը կամ ցիանակոբոլոմինը պատասխանատու է արյունը թթվածնով հարստացնելու համար: Վիտամին Բ 12-ի պակասը  հանգեցնում է սակավարյունության: Սննդակարգում թարմ բանջարեղենի ու մրգի պակասը ձմռանը հաճախ է հանգեցնում վիտամին Բ 12-ի պակասի: Դա բացասաբար է  անդրադառնում օրգանիզմի վրա՝  ընկնում է հեմոգլոբինը, սակավարյունությունն արտահայտվում է դեղնությամբ, թուլությամբ, հիշողության թուլացմամբ:

Վիտամին Բ 12-ի աղբյուր են սոխը, բողկը, կաթնաթթվային մթերքները, սագի կամ հավի լյարդի բնական պաշտետները:

Մեր օրգանիզմում վիտամին Դ-ն սինթեզվում է հիմնականում արևի ճառագայթներից: Հետևաբար, ձմռանը դրա պակասը շատ է  զգացվում: Առանց վիտամին Դ-ի օրգանիզմը չի յուրացնում կալցիումը, ոսկրերը դառնում են փխրուն, մազերն ու եղունգները՝ կոտրվող, ատամները փչանում են: Բացի դրանից՝ վիտամին Դ-ն պատասխանատու է հանգիստ քնի համար:

Բայց բանն այն է, որ վիտամին Դ պարունակող սնունդը շատ քիչ է: Օրինակ՝ այն առկա է ձկան լյարդում, ձվի դեղնուցում, սակայն այդ մթերքներով հնարավոր չէ ամբողջ օրը սնվել: Բժիշկները խորհուրդ են տալիս ձմռանը հաբերով ընդունել վիտամին Դ:

Վիտամին Դ-ի աղբյուր են ձկները, ձվի դեղնուցը, վիտամիններով հարստացրած բուսայուղերը:

Share This