«Ձեր հաշիվների վրա հենց հիմա կալանք եմ դնում». քաղաքացուն ահաբեկող զանգ՝ «varks.am»-ի անունից

Քաղաքացին ահազանգում է․ այսօր առավոտյան իրեն 094 576 215 հեռախոսահամարից զանգահարել է մի կին, որը ներկայացել է որպես «դատաիրավաբանական մասնագետ Արփինե Հովհաննիսյան» և պնդել, թե «varks.am»-ի մասնագետ է։

Քաղաքացու փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում կինը հայտարարել է, թե նա հանդիսանում է իր եղբոր «փոխկապակցված անձը», և եղբոր կողմից վերցված վարկի պատճառով հենց հիմա պատրաստվում է կալանք դնել քաղաքացու բանկային հաշիվների վրա։

Քաղաքացին փորձել է պարզել, թե ինչ իրավական հիմքով կարող են իր հաշիվների նկատմամբ նման գործողություն կատարել՝ հարցնելով.

«Որտե՞ղ է իմ ստորագրությունը, և ի՞նչ հիմքով եմ ես պատասխանատու եղբորս վարկի համար, երբ նա չափահաս անձ է, ունի առանձին ընտանիք, կին և երեխաներ»։

Սակայն, ըստ քաղաքացու, զանգահարած կինը շարունակել է բարձր տոնով և սպառնալից ձևով պնդել, որ հաշիվների նկատմամբ կալանք է կիրառվելու։

🔴 Հատկանշական է, որ մեր կատարած բաց որոնմամբ 094 576 215 հեռախոսահամարի պատկանելության կամ «Արփինե Հովհաննիսյան» անունով այդպիսի մասնագետի վերաբերյալ հավաստի տեղեկություն չգտնվեց։ Սա, սակայն, ինքնին չի ապացուցում, որ զանգը կատարվել է որևէ խարդախ սխեմայի շրջանակում։

Հարց է առաջանում՝ ովքե՞ր են իրականում զանգահարողը, ի՞նչ կազմակերպություն է ներկայացնում, ունի՞ արդյոք որևէ իրավական լիազորություն, և ի՞նչ հիմքով է քաղաքացին սպառնալիքի կամ ճնշման միջոցով տեղեկացվում իր բանկային հաշիվների «կալանքի» մասին։

⚠️ Եթե քաղաքացին որևէ վարկային պարտավորության կողմ, երաշխավոր կամ այլ համապատասխան իրավական հիմքով պարտավոր անձ չէ, ապա միայն այն հանգամանքը, որ վարկառուն նրա եղբայրն է, ինքնին դեռ չի նշանակում, որ եղբոր պարտքի համար կարող են արգելանք կիրառել նրա գույքի կամ հաշիվների նկատմամբ։

📌 Այս պատմության մեջ հատկապես կարևոր է պարզել՝ արդյո՞ք զանգահարող անձն իրականում կապ ունի «varks.am»-ի հետ, թե՞ կազմակերպության անունն օգտագործվում է քաղաքացիներին վախեցնելու և գումար վճարելուն հարկադրելու նպատակով։

Share This