Ձախերը սենսացիոն հաղթանակ են տանում ընտրություններում, ծայրահեղ աջերը երրորդ տեղում են

Exit poll-երը կանխատեսում են ձախերի դաշինքի հաղթանակը Ֆրանսիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններում և երկրորդ տեղը՝ նախագահական դաշինքի համար, մինչդեռ աջ պոպուլիստական «​​Ազգային միավորումն» իր զինակիցներով, որոնք արդեն պատրաստվում էին կառավարություն ձևավորել, գտնվում է երրորդ տեղում։ Այս մասին է վկայում Elabe-ի կանխատեսումը, որն արվել է BFMTV-ի, RMC-ի և La Tribune Dimanche-ի պատվերով։ Ifop-ը նույնպես կանխատեսում է նմանատիպ արդյունքներ։

Լը Պեն-Ժորդան Բարդելայի «Ազգային միավորումը», որին վերջին սոցհարցումները կանխատեսում էին առաջնայնություն և նույնիսկ բացարձակ մեծամասնություն, կարող է հայտնվել երրորդ տեղում և ստանալ խորհրդարանում 115-ից 150 մանդատ։

Ձախ ուժերի «Ժողովրդական ճակատ» դաշինքն առաջին տեղում է, նրանք կարող են  175-205 տեղ ստանալ Ազգային ժողովում. Բացարձակ մեծամասնության համար անհրաժեշտ է ստանալ 289 մանդատ։

Նախագահամետ ուժերի «Միասին» դաշինքը երկրորդ տեղում է, կանխատեսվում է, որ նրանք կունենան 150-ից 175 մանդատ։

Ifop-ի կանխատեսումը, ինչպես հաղորդում է Le Figaro-ն, ձախերին տալիս է 180-ից 215 մանդատ, «Միասին» դաշինքին՝ 150-180 մանդատ, «Ազգային միավորմանը»՝ 120-ից 150 մանդատ։

Ձախերի դաշինքից «Չնվաճված Ֆրանսիայի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնն արդեն հայտարարել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը պետք է հրավիրի «Նոր ժողովրդական ճակատին»՝ կառավարելու երկիրը»։

Share This