Հուլիսի 11-ին Գյումրու Թատերական հրապարակը վերածվել էր արվեստի, երաժշտության ու նորաձևության յուրօրինակ տոնի
։ Անցկացվեց «Ֆրանսիական ռիթմեր՝ նվիրված Ազնավուրի հիշատակին» միջոցառում, որը մեկ հարթակում համախմբել էր արվեստի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների և արվեստասեր բազմաթիվ քաղաքացիների։Երեկոն նվիրված էր մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին։ Միջոցառման շրջանակում կայացավ ժամանակակից հագուստի ցուցադրություն՝ ոգեշնչված Ազնավուրի արվեստով, ինչը նորարար շունչ էր հաղորդում աշխարհահռչակ շանսոնյեի երաժշտական ոգուն։
Հանդիսատեսը հնարավորություն ունեցավ վայելելու նաև համերգային ծրագիր։ Բեմում հնչեցին ինչպես հայկական, այնպես էլ ֆրանսիական մեղեդիներ՝ փոխանցելով Ազնավուրի ոգին ներկա ժամանակին։
Երեկոյի կարևոր բաղադրիչներից էր նաև ազգային հագուստի ցուցադրությունը, որը ներկայացնում էր հայ նորաձևության ժառանգական շերտերն ու դրանց ժամանակակից մեկնաբանությունները՝ ապացուցելով, որ հայ մշակույթը շարունակական և հարատև զարգացող արժեք է։
Միջոցառումն իրականացվեց «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։
Մուտքն ազատ էր, և միջոցառումը լայնորեն արձագանք ստացավ ինչպես գյումրեցիների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից։
