Հերպեսի վիրուսն ակտիվանում է հատուկ սպիտակուցի օգնությամբ.
Վիրջինիայի համալսարանի բժշկական դպրոցի ամերիկացի գիտնականները հայտնաբերել են օրգանիզմում հերպեսի վիրուսի ակտիվացման նոր պատճառ։ Պարզվել է, որ հարուցիչը քնած վիճակից դուրս գալու համար օգտագործում է օրգանիզմի իմունային պատասխանը։ Հետազոտությունը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences (PNAS) գիտական ամսագրում:
Պարզ հերպեսի 1-ին տեսակի վիրուսը (ՎՊՀ-1), որն առաջացնում է հերպես շրթունքներին եւ կարող է լինել գենիտալ հերպեսի պատճառ, կարող է արտադրել UL12.5 սպիտակուցը: Այդ սպիտակուցը խթանում է մարմնի իմունային պատասխանը, որը կարծես թե ճնշում է հիվանդությունը: Բայց վիրուսը դրա փոխարեն օգտագործում է այդ գործընթացը քնած վիճակից դուրս գալու եւ ռեպլիկացիան սկսելու համար:
ՎՊՀ-1-ով վարակվում է աշխարհի մինչեւ 50 տարեկան մարդկանց ավելի քան 60 տոկոսը (ավելի քան 3,8 միլիարդ մարդ): Վարակվելուց հետո վիրուսն ընդմիշտ մնում է օրգանիզմում՝ պարբերաբար ակտիվանալով սթրեսի, վարակների կամ այլ գործոնների ազդեցության տակ։ Նոր հայտնագործությունը ցույց է տալիս, որ վիրուսը կարող է վերագործարկվել նույնիսկ աբորտիվ վարակների դեպքում, երբ իմունային համակարգը ճնշում է նոր պաթոգենին՝ նախքան դրա ռեպլիկացիան:
Այս բացահայտումը կարող է նաեւ հետեւանքներ ունենալ ինչպես ՎՊՀ-1-ով, այնպես էլ ՎՊՀ-2-ով առաջացած սեռական հերպեսի բուժման համար, քանի որ երկու վիրուսներն էլ օգտագործում են վերաակտիվացման նման մեխանիզմներ:
Գիտնականները կարծում են, որ UL12.5 սպիտակուցը կարող է նոր թիրախ դառնալ դեղամիջոցների մշակման համար, որոնք կանխում են վիրուսի վերաակտիվացումը։
Հետազոտողներն արդեն սկսել են փորձարկել UL12.5 ֆունկցիայի ինհիբիտորները՝ վիրուսի վերաակտիվացումն արգելափակելու միջոց գտնելու համար: Սա կարող է հանգեցնել հերպեսի կանխարգելման եւ բուժման նոր մեթոդների, ներառյալ՝ կանխարգելել կից բարդությունները, ինչպիսին են վիրուսային էնցեֆալիտը եւ Ալցհեյմերի հիվանդությունը:
