Հերթական եռակողմ հանդիպումը կայացավ՝արդյունքները հայտնի չեն

Հերթական եռակողմ հանդիպումը կայացավ՝արդյունքները հայտնի չեն

Օգոստոսի 31-ին Բրյուսելում՝ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ,տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արդբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։«Արմենպրես»-ը՝հղում կատարելով կառավարության տարածած հաղորդագրությանը,տեղեկացրել է,որ հանդիպման ընթացքում քննարկվել են գերիների ազատ արձակմանը և անհետ կորածների ճակատագրի պարզաբանմանը,սահմանազատմանը և սահմանային անվտանգությանը,տարածաշրջանային ապաշրջափակմանը,Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը,Արցախին վերաբերող հարցեր։Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել արտգործնախարարների մակարդակով շարունակել առարկայական բանակցությունները՝խաղաղության պայմանագրի մշակման շուրջ։Նախատեսվում է 1 ամսվա ընթացքում անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։Իսկ սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերի հանձնաժողովի հաջորդ հանդիպումը դարձյալ տեղի կունենա Բրյուսելում՝նոյեմբեր ամսին։
Սա այն պաշտոնական տեղեկատվությունն է,որը տարածվել է եռակողմ հանդիպման վերաբերյալ։Հարկ է նշել,որ Փաշինյանի,Ալիևի և Միշելի հանդիպումը փակ դռների ետևում բավականին երկար է տևել՝գրեթե 4 ժամ,ինչը ենթադրել է տալիս,որ բանակցությունները բարդ ընթացք են ունեցել։Այդ մասին կառավարության այսօրվա նիստում խոսել է նաև վարչապետը,ըստ էության,հաստատելով այս իրողությունը։«Քննարկումը հեշտ չէ,բայց ես ուզում եմ նաև արձանագրել,որ մեր նպատակադրումները շարունակում են մնալ և պիտի շարունակեն մնալ այնպիսին,ինչի մասին ես հայտարարել եմ»,-ասել է վարչապետը։Այս մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը։Փաշինյանի խոսքերից կարելի է ենթադրել,որ լավատեսության մասին որևէ հիմքեր լինել չեն կարող։Հայտարարության հաջորդ հատվածը էլ ավելի մտահոգիչ է և ի ցույց է դնում այն փաստը,որ բանակցային գործընթացում կատարյալ անորոշություն է տիրում։«Մենք պետք է բոլորս հասկանանք,որ դա հեշտ չէ և պարզ չէ,և հնարավոր լուծումներն էլ ակնհայտ չեն»,-նշել է ՀՀ վարչապետը։
Եռակողմ հանդիպմանը,ինչպես արդեն նշեցինք,քննարկվել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունները կարգավորող խաղաղության պայմանագրի խթանմանը վերաբերող հարցեր։Այսինքն այն,ինչի մասին Հայաստանի իշխանությունները՝բրյուսելյան հանդիպմանը նախորդող օրերին համառորեն լռում էին։Այդ լռության իմաստը երևի միայն իրենց էր հայտնի։
Նշենք,որ սա՝նման ձևաչափով անցկացվող չորրորդ հանդիպումն էր։Մեզ համար,թերևս ամենակարևոր խնդիրը,որի մասին բարձրաձայնել է հայկական կողմը դա հայ գերիների ազատ արձակման հարցն է։Այն արժանացել է Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հատուկ ուշադրությանը,որն ընդգծել է հայ գերևարվածների հետագա ազատ արձակման կարևորությունը։«Եվրամիությունը կշարունակի զբաղվել այս հարցով»,-խոստացել է ևրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
Հետաքրքիր մի դիտարկում՝Հայաստանի կառավարության և Եվրոպական խորհրդի նախագահի արված հայտարարությունների մեջ հիշատակում կա այն մասին,որ եռակողմ հանդիպման ժամանակ,ի շարս այլ հարցերի,քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդիրը։Պաշտոնական Բաքուն այս տեղեկատվությունը որևէ կերպ չի մեկնաբանել և շարունակում է խորհրդավոր լռություն պահպանել։Մինչդեռ Ալիևի ռեժիմը բազմիցս էր նշել,որ իրենց համար ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարց այլևս գոյություն չունի,այլ նաև նման վարչատարածքային միավոր։
Սակայն,միջազգային հեղինակավոր հարթակում,այնուամենայնիվ,արցախյան հիմնախնդրի առնչությամբ քննարկումներ անցկացնելը վկայում է այն մասին,որ Արևմուտքը որոշակի ճնշումներ է բանեցնում Ադրբեջանի վրա,փորձելով պարտադրել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելության օրակարգը,որը Բաքուն «մեռած կառույց» է որակում։
Բրյուսելյան եռակողմ հանդիպումը,ինչպես և կարելի էր սպասել,չի վրիպել Ռուսաստանի աչքից։Այդ երկրի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զավարովան,անդրադառնալով նշված հանդիպմանը,բավականին կոշտ ձևակերպումներ է արել։Նրա խոսքերով,Արևմուտքը այս կերպ փորձում է «կեղծ խաղաղասերի» դափնիներին արժանանալ։Զախարովան ասել է,որ դա կապ չունի հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը նպաստելու իրական ցանկությունների հետ։«Ես կասեի դրանք ևրոպացիների կեղծ նախաձեռնությունն են»,-ընդգծել է նա։Բնականաբար,Ռուսաստան-Արևմուտք ծայրահեղ լարված հարաբերությունների ֆոնին,այլ բնույթի և բովանդակության խոսույթ դժվար էր պատկերացնել,մանավանդ երբ Մոսկվան՝Անկարայի և Բաքվի հետ միասին փորձում է ամեն կերպ դուրս մղել հավաքական Արևմուտքին՝կովկասյան տարածաշրջանից,և բոլոր խնդիրների կարգավորման գործընթացը տեղափոխել՝Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ֆորմատ։Դե իսկ Հայաստանը,կարծում եմ,պետք է օգտագործի բոլոր հնարավորությունները՝միջազգային տարբեր հարթակներում մեր երկրի շահերը առաջ մղելու համար։Իսկ ամենամտահոգիչը,թերևս այն է,որ հայ հասարակությունը բավարար չափով տեղեկացված չէ՝Ադրբեջանի հետ տարվող բանակցային գործընթացի վերաբերյալ։Չգիտենք,թե դեպի ու՞ր ենք գնում և ինչպիսի՞ ապագա է մեզ բոլորիս սպասվում։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )