Հերբիցիդները նվազեցնում են դեռահասների առաջադիմությունն ու հիշողությունը

Հերբիցիդների՝ գլիֆոսատի եւ 2,4 դիքլորֆենօքսիքացախաթթվի ազդեցությունը բացասաբար է ներազդում դեռահասների ուշադրության, իմպուլսիվ վերահսկման, առաջադիմության եւ լեզվական հմտությունների վրա։ Այսպիսի եզրակացության են եկել Կալիֆոռնիայի համալսարանի Հերբերտ Վերթհայմի անվան հանրային առողջապահության եւ երկարակեցության ուսումնասիրման դպրոցի գիտնականները։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Health Perspectives (ЕНР) ամսագրում։

Հերբիցիդները քիմիական միջոցներ են, որոնք ոչնչացնում են անցանկալի խոտածածկույթը։ Դրանք օգտագործվում են գյուղատնտեսության մեջ մոլախոտերի դեմ պայքարի համար։

Հետազոտության ընթացքում գիտնականները չափել են լայնորեն օգտագործվող հերբիցիդների՝ գլիֆոսատի եւ 2,4 դիքլորֆենօքսիքացախաթթվի (2,4-D) մետաբոլիտների խտությունը 11-17 տարեկան 519 դեռահասների մեզի նմուշներում։ Մետաբոլիտները՝ որպես օրգանիզմում տարբեր նյութերի կենսաքիմիական եւ ֆիզիոլոգիական փոփոխություններ, մասամբ արտացոլում են այդ հերբիցիդների ազդեցության մակարդակները։ Ստացված արդյունքները համադրվել են մասնակիցների կոգնիտիվ ունակությունների ցուցանիշների հետ։

Արդյունքները ցույց են տվել, որ 2,4-D մետաբոլիտների բարձր խտության եւ ուշադրության նվազման, արգելակման, հիշողության, առաջադիմության եւ լեզվական հմտությունների նվազման միջեւ ակնհայտ կապ գոյություն ունի։ Գլիֆոսատը սոցիալական պերցեպցիայի՝ հասարակությունում այլ մարդկանց ընկալման պրոցեսի վատացման պոտենցիալ հրահրողն է։

Հետազոտության հեղինակների խոսքով՝ այդ էֆեկտի հիմքում ընկած մեխանիզմները դեռ պետք է ուսումնասիրել։ Դրա համար անհրաժեշտ կլինի իրականացնել ավելի մասշտաբային հետազոտություն։

Share This