Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու ճեղքեր թույլ չտալը կենսական կարևորություն ունի Հայաստանի համար. փորձագետ

Հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումն ու ճեղքեր թույլ չտալն այսօր կենսական կարևորություն ունի Հայաստանի համար: Այս մասին մեզ հետ զրույցում ասել է «Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանը:

«Շատ կարևոր է, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունները չսասանվեն այս կամ անհատի, քաղաքական խմբի հանդեպ վերաբերմունքից, կամ նրանց գործած սխալներից: Եվ այս համատեքստում իսկապես շատ կարևոր է նախօրեին РБК-ին տրված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած այն թեզը, որ Ռուսաստանի դաշնակիցը Հայաստանում ոչ թե անհատներն են, այլ հայ ժողովուրդը: Դա իսկապես այդպես է, և ժողովուրդը, բնականաբար, չի լիազորել իշխանություններին՝ փչացնելու հայ-ռուսական հարաբերությունները: Մեր դաշնակցության հիմքում ոչ միայն պրագմատիկ քաղաքական հաշվարկն է ու ռազմավարական շահերը, քաղաքական ղեկավարների միջանձնային հարաբերությունները, այլ շատ ու շատ բաղադրիչներ: Շահերը, որոնք հատկապես շեշտադրում էր Նիկոլ Փաշինյանը, դրանցից մի քանիսն են միայն»,- նշել է նա:
«Վերջին 2,5 տարին, անշուշտ, լավագույն ժամանակները չեն հայ-ռուսական հարաբերությունների համար, և դրա հետևանքները պարբերաբար տեսնում ենք: Սակայն երկու կողմերի իշխանություններն էլ պետք է կարողանան վեր կանգնել անձնական վերաբերմունքից և հաշվի առնել, որ ցանկացած քայլ և հայտարարություն, առաջին հերթին, ազդում է երկու ժողովուրդների ընկալումների և հույզերի վրա»,- հավելել է Կարապետյանը:

Անդրադառնալով Տավուշի իրադարձությունների համատեքստում ՌԴ-ի դերի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի խոսքերին՝ նա նշել է. «Ռուսաստանը հերթական անգամ, ինչպես տեղեկանում ենք պաշտոնական հայտարարություններից, ակտիվ ներգրավվածություն է ունեցել հրադադարի վերականգնման հարցում և ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել ու գործադրում: Եվ կարևոր է դա գնահատել և առանձնացնել»:
Դրա հետ մեկտեղ, Կարապետյանի կարծիքով, Հայաստանն այսօր խնդիր ունի Ռուսաստանի հետ ակտիվ աշխատելու՝ Թուրքիայի տարածաշրջանային ապակառուցողական ազդեցությանը հակազդելու հարցում:
«ՌԴ արտգործնախարարի՝ իր թուրք գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցից, ՌԴ նախագահի՝ Թուրքիայի իր գործընկերոջ հետ Արցախյան հակամարտությանն առնչվող հարցեր քննարկելու փաստից համոզվում ենք, որ Ռուսաստանին լրջորեն անհանգստացնում է Անկարայի ներկայիս քաղաքականությունն Արցախյան հարցում ու Ադրբեջանին ցուցաբերվող աննախադեպ ագրեսիվ աջակցությունը: Եվ այդ հարցում մենք պետք է սերտ աշխատենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ»,- նշել է նա՝ հավելելով, որ նույնիսկ այդ շփումներից հետո Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել:
Փորձագետի դիտարկմամբ, ՌԴ-ի հետ համագործակցությունը Թուրքիային հակազդելու հարցում կարևոր է, առաջին հերթին, անվտանգային տեսակետից, սակայն զուգահեռ կարող է դրական ազդեցություն ունենալ նաև հայ-ռուսական պետական հարաբերությունների ներկայիս որակի վրա:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )