Հայ-ռուսական հարաբերությունները վերածվում են «մուկ ու կատու» հարաբերությունների՝ ինչ-որ անհասկանալի կոնտեքստերով. Կարեն Բեքարյան (տեսանյութ)
Մեր իշխանություններն ինչպես չունեն պատկերացում, թե ինչ են ուզում ներսում, ինչպես չունեն պատկերացում՝ ինչ են ուզում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, նույն կերպ չունեն պատկերացում արտաքին աշխարհից կամ դիվերսիֆիկացված նրանց ուղղություններից, առանձին վերցրած որևէ մեկից: Այս մասին «Փոփոխվող Մերձավոր Արևելքը և Հայաստանի անվտանգային միջավայրը» թեմայով քննարկմանը հայտարարեց վերլուծաբան Կարեն Բեքարյանը:
«Երբ անդրադառնում ենք Հայաստանի արտաքին քաղաքականությանը, պետք է նշենք, որ մեզ հարկավոր է ադեկվատ արտաքին քաղաքականություն, որը կտա երկու հիմնական հարցի պատասխան՝ արդյոք ստեղծված հնարավորությունները օգտագործվո՞ւմ են մաքսիմալով և արդյոք ստեղծված մարտահրավերները հնարավորինս նվազեցվում կամ չեզոքացվո՞ւմ են»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանը միևնույն ժամանակ նշեց, որ դրա համար պետք է տարվի բավականին ադեկվատ արտաքին քաղաքականություն: «Սակայն ի՞նչ ունենք մենք իրականում. ունենք դրա հակառակ պատկերը, այսինքն՝ այսօր որևէ ուղղությամբ չունենք ադեկվատ արտաքին քաղաքականություն»,- ասաց նա:
Ապա նա թվեց արտաքին ուղղությունները, որտեղ չկա ադեկվատ արտաքին քաղաքականություն: Բեքարյանն առանձնացրեց «Չմիավորման շարժման» կազմակերպության հերթական գագաթաժողովը, որին ՀՀ ԱԳՆ-ն չի մասնակցել:
«Այդտեղ ունիկալ իրավիճակ ունենք. ԱԳՆ-ն հայտարարեց, որ նպատակահարմար չի գտել մասնակցելու այդ ձևաչափին: Հիշեցնեմ, սա ամենամեծ կառույցն է երկրների քանակով և ներգրավվածությամբ ՄԱԿ-ից հետո, հիշեցնեմ նաև, որ ՀՀ-ն ունի այնտեղ դիտորդի կարգավիճակ: Ձեզ հարց տվեք՝ ինչո՞ւ ենք այդ դիտորդի կարգավիճակն այնտեղ ունեցել: Շատ պարզ բան է, ցանկացած անցանկալի զարգացումների պարագայում, եթե անգամ որոշման ընդունման, որևէ բանաձևին քվեարկելու ձայն չունես, ունես կուլիսային պայքարի հնարավորություն և ունես հնարավորություն՝ ելույթներով տեսակետներդ ու դիրքորոշումներդ արտահայտելու: Եվ այս պարագայում գտնել, որ այդ նիստին մասնակցելը, որն անցկացվում է Բաքվում, աննպատակահարմար է, ստացվեց, որ «Չմիավորման շարժման» ընդունված փաստաթղթերում Ղարաբաղյանի հետ կապված մաքուր ադրբեջանական մոտեցում ֆիքսվեց և ամրագրվեց: Կրկնում եմ՝ դա ամենամեծ կառույցն է՝ երկրների ներգրավվածության, ՄԱԿ-ից հետո: Դրանից հետո եղավ ԱԳՆ-ի ինչ-որ հայտարարություն, որը ո´չ արժեք, ո´չ նշանակություն ունի, մի հատ էլ մարտահրավերների շարք է ավելացվում»,- ասաց նա:
Կարեն Բեքարյանն անդրադարձավ նաև հայ-ռուսական հարաբերություններին: «Հայ-ռուսական հարաբերությունները գլորվողից վերածվում են «մուկ ու կատու» հարաբերությունների՝ ինչ-որ անհասկանալի կոնտեքստերով»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է եվրոպական ուղղությանը, նա նշեց, որ այդ հարաբերություններում, եթե 2018-ին տեղի ունեցած իրադարձություններից հետո լավատեսական մղումներ էին արտացոլվում, դա գնալով մաշվում, հալվում է:
ԱՄՆ-ի հետ հարաբերություններում էլ, ըստ Բեքարյանի, թեև երբևէ օրակարգ խիստ չի եղել, հիմա մի իրավիճակ է, որ անկում է արձանագրվում: «Այս համընդհանուր քաոսը, որն արտաքին հարաբերության ցանկացած գծին է առնչվում, ԱՄՆ պարագայում իր ուրիշ դրսևորումն ունի»,-նշեց վերլուծաբանը:
Նրա ձևակերպմամբ՝ դրա համար կարելի է նայել այցերին ու ընդունելիություններին, «Լիդիանի» հետ կապված խայտառակ իրավիճակին, Սիրիա հումանիտար առաքելություն ուղարկելուն, որն առաջ էլ շոշափվում էր, բայց չէր արվում, բայց հիմա հարաբերություններն այնպես են կառուցված, որ արվեց, նաև բիոլաբորատորիաների խնդրին, որին ռուսական կողմի ներգրավվածությունը կապահովվի:
«Այս ամենից ելնելով՝ բանաձևեմ հետևյալը. մեր իշխանություններն ինչպես չունեն պատկերացում՝ ինչ են ուզում ներսում, ինչպես չունեն պատկերացում՝ ինչ են ուզում ղարաբաղյան կարգավորման գործընթացում, նույն կերպ չունեն պատկերացում արտաքին աշխարհից կամ դիվերսիֆիկացված նրանց ուղղություններից, առանձին վերցրած որևէ մեկից»,-հավելեց Կարեն Բեքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
