Հայտնի է` որոնք են լավագույն սննդակարգերը գլխուղեղի առողջության պահպանման համար
Գիտնականները պարզել են, որ գոյություն ունի երկու սննդակարգ, որոնք նվազեցնում են Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգը և պահպանում գլխուղեղի երիտասարդությունը։ Ինչպես գրում է doctor.rambler.ru-ն, խոսքը միջերկրածովյան և MIND սննդակարգերի մասին է։
Միջերկրածովյան սննդակարգը բաղկացած է լինում մրգերից և բանջարեղենից, ինչպես նաև ծովամթերքից և ամբողջահատիկ մթերքից: MIND դիետան ներառում է նաև զարկերակային գերճնշման դեպքում նշանակվող DASH սննդակարգի ասպեկտները, իսկ այս սննդակարգի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս սահմանափակել հագեցած ճարպերով հարուստ մթերքը, այդ թվում՝ յուղոտ միսը և բարձր յուղայնությամբ կաթնամթերքը:
Նոր հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են 581 մահացած մարդու գլխուղեղները: Պարզվել է, որ միջերկրածովյան և MIND սննդակարգերով սնվողների մոտ Ալցհեյմերի հիվանդության զարգացման ավելի քիչ նշաններ են հայտնաբերվել։ Խոսքը, մասնավորապես, գլխուղեղում բետա-ամիլոիդային վահանիկների և տաու կծիկների առկայության մասին է, որոնք էլ նպաստում են այդ հիվանդության զարգացմանը։
