Հայտնի է Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատարի անունը
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի որոշմամբ՝ այսօրվանից Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Սամվել Ավետիսյանը: Նա կպաշտոնավարի՝ մինչև նոր ընտրությունների կազմակերպումը:
Սամվել Ավետիսյանը գյումրեցի չէ: Նա Երեւանի պետական բժշկական համալսարանի նախկին պրոռեկտորներից է, մինչեւ այսօր նաեւ ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի վարիչն էր (այսօրվանից ազատված է ամբիոնի վարիչի պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն): 2019թ. փետրվարից առ այսօր Հայկական բժշկական ասոցիացիայի փոխնախագահն է
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 12-ին, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի տնօրեն Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու որոշում էր կայացրել՝ լուծարելով Սերոբյանի հետ 2020 թվականի հունվարի 17-ին կնքված աշխատանքային պայմանագիրը:
Թե ինչո՞ւ է մարզպետը Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու որոշում կայացրել, Սերոբյանը չպատասխանեց: Մեզ հետ զրույցում շատ կարճ ու զայրացած ասաց. «Զանգեք, թող մարզպետը մեկնաբանի, թող ինքը պատասխանի հարցին»:
Շիրակի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետի պարտականությունները կատարող Արաքսյա Կիրակոսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ժորժիկ Սերոբյանին աշխատանքից ազատելու հիմքերն ու կետերը մարզպետն իր որոշման մեջ նշել է:
Հարցին՝ արդյոք աշխատանքից ազատումը կապ ունի՞ օրեր առաջ հարուցված քրեական գործի հետ, Կիրակոսյանն ասաց՝ ոչ, բացարձակապես կապ չունի:
Հիշեցնենք, որ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցում խոշոր չափի խարդախություն կատարելու դեպքով քրգործ է հարուցվել: Ըստ դատախազության՝ ոստիկանության Կումայրու բաժին ներկայացված տեղեկությունների համաձայն՝ նշված ժամանակահատվածում պետպատվերի շրջանակներում բուժօգնություն տրամադրելու պատրվակով հիվանդանոցում տարբեր երեխաների են գրանցել որպես հիվանդների և հափշտակել առանձնապես խոշոր չափերի գումարներ:
Նշենք, որ Ժորժիկ Սերոբյանին հիվանդանոցի տնօրենի պաշտոնում էր նշանակել նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը: Տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցել էին Ավստրիական մանկական հիվանդանոցի գործող տնօրեն Աշոտ Կուրղինյանն ու «Գյումրի» բժշկական կենտրոնի բժիշկ, տրավմատոլոգ Ժորժիկ Սերոբյանը
Այդ որոշումը հիվանդանոցում, նաեւ՝ Գյումրիում, որոշակի շրջանակներում ծայրահեղ լարվածություն էր առաջացրել: Աշոտ Կուրղինյանը հստակ ընդգծել էր՝ դա վաղուց կայացված որոշում էր, կլանային որոշում է:
