Հայտնի է՝ ինչպես է ամուսնությունն անդրադառնում կանանց ու տղամարդկանց առողջության վրա

Գիտնականներն անցկացրել են հետազոտություն՝ պարզելու համար, թե ինչպես է ամուսնությունն ազդում կանանց ու տղամարդկանց առողջության վրա, և բավական հետաքրքիր տվյալներ են ստացել: Ուսումնասիրության արդյունքները ներկայացրել է Science ամսագիրը:

Հետազոտությունը ցույց է տվել, որ ամուսնությունը մարդկանց առողջության վրա կարող է ինչպես դրական, այնպես էլ բացասական ազդեցություն ունենալ: Օրինակ՝ շատ կանանց հոգեկան առողջության վրա ամուսնությունն ավելի շատ բացասական ազդեցություն է ունենում, քան դրական, քանի որ ամուսնացած կանայք ավելի շատ են նյարդայնանում ու անհանգստանում, քան տղամարդիկ: Մասնագետների խոսքով՝ սա պայմանավորված է այն փաստով, որ կանայք ավելի շատ են մասնակցում հարազատների կյանքում տեղի ունեցող իրադարձություններին և հոգեբանական ծանրաբեռնվածությունն էլ ավելի մեծ է լինում:

Մասնագետները նաև առանձնացրել են այն կանանց, որոնց ամուսիններն իրենցից երիտասարդ են: Նշվում է, որ այս գործոնը նպաստում է կանանց կյանքի տևողության կրճատմանը, ինչը նույնպես պայմանավորված է նևրոզներով ու անհանգստությամբ:

Տղամարդկանց դեպքում պատկերն այլ էր: Մասնագետների խոսքով՝ տղամարդկանց կյանքի տևողությունը երկարում է ամուսնության դեպքում: Բանն այն է, որ վիճակագրական տվյալներով՝ ամուսնացած տղամարդիկ ավելի հաճախ են բուժզննում անցնում և շուտ են հայտնաբերում հիվանդությունները, ինչը պայմանավորված է կանանց ուշադրության դրական ազդեցությամբ:

Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ չամուսնացած տղամարդկանց մոտ շնչառական օրգանների հիվանդությունների առաջացման հավանականությունն ավելի բարձր է, քան միայնակ կանանց մոտ: Բացի այդ, չամուսնացած տղամարդկանց մոտ, ի տարբերություն ամուսնացածների, 14%-ով ավելի բարձր է սրտի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը, մինչդեռ կանանց դեպքում ամուսնությունը որևէ կերպ չի ազդում սրտամկանի առողջության վրա:

«Ամուսնությունը կարող է երկարացնել տղամարդկանց կյանքը 7 տարով», – նշում են մասնագետները, սակայն հավելում, որ հաճախ ամուսնացած տղամարդիկ ավելորդ քաշ են կուտակում, ինչը բացասաբար է անդրադառնում սրտամկանի առողջության վրա: Բացի այդ, ընտանեկան վեճերը հանգեցնում են տղամարդկանց մոտ զարկերակային ճնշման տատանումների, ինչը նույնպես բավական վտանգավոր է առողջության համար:

Share This