Հայտնի են Հայաստան–Արցախ ֆուտզալի մրցաշարի հաղթողները

Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի աջակցությամբ անցկացվող Հայաստան – Արցախ համահայկական երիտասարդական միության ֆուտզալի խաղային լիգան այս տարի ևս ցույց տվեց ուժեղ սպորտային ոգի ու միասնություն։ Մրցաշարում հայտնի են դարձել եզրափակիչի մասնակիցները։

Չեմպիոնական գավաթի համար կմրցեն Գյումրին և Մեծամորը։ Կիսաեզրափակիչում Գյումրու թիմը համոզիչ հաղթանակ տարավ Ավանգարդի նկատմամբ՝ 8-2 հաշվով։ Նույն թիմը մրցաշարի ընթացքում աչքի է ընկել կազմակերպված և դիտարժան խաղով։ «Մրցաշարին մենք երկրորդ անգամ ենք մասնակցում, ձեռք ենք բերել նոր ընկերներ Հայաստանի տարբեր մարզերից ու Արցախից։ Լարված հանդիպում ստացվեց ոչ միայն այսօր, այլ ողջ մրցաշարում»,- նշեց Գյումրու թիմի անդամներից մեկը։

Մեծամորցիները նույնպես դժվարին ճանապարհ անցան եզրափակիչ հասնելու համար։ 1/8 եզրափակիչում նրանք հաղթեցին Արցախին, իսկ 1/4 եզրափակիչում Շիրակին։ Կիսաեզրափակիչում Մեծամորը 5-2 հաշվով առավելության հասավ Ակունքի նկատմամբ։ «Ուզում եմ շնորհավորել մեր թիմին եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ։ Հպարտ եմ թիմի պայքարի ու մարզավիճակի համար»,- նշեց Մեծամորի թիմի ներկայացուցիչը։

Աղջիկների մրցաշարում այս տարի կրկին ուժեղագույն ճանաչվեց Կիլիկիան, որը համալրված էր Արցախի, Գյումրիի և Երևանի խաղացողներով։ Երկրորդ տեղը գրավեց Ադանան, իսկ եռյակը եզրափակեց Ֆուրիան։

Հայաստան – Արցախ երիտասարդական միության նախագահ Լիաննա Մանուկյանը ընդգծեց. «Այս տարի ավելի շատ թիմեր մասնակցեցին մրցաշարին։ Գաղափարն այն է, որ այն անցնի ընկերասիրության, սպորտային պատրաստվածության բարձրացման և մարտական ոգու բարձրացման տրամաբանությամբ»,- նշեց Մանուկյանը։

 

Share This