Հայաստանի քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում

Մոտ 100 ՀՀ քաղաքացիներ արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում։ Նրանց տվյալներն օգտագործվել են եվրոպական մի շարք երկրներում ընկերություններ գրանցելու և բանկային հաշվեհամարներ բացելու համար: Այդ ընկերութունները օգտագործվել են փողերի լվացման տարբեր մեխանիզմներում`  հանցագործություններ կոծկելու և քաղաքական գործիչների համար քարոզչություն հովանավորելու նպատակներով:

45-ամյա Մուշեղ Ջաբախջուրյանն ապրում է Երևանի ծայրամաս համարվող թաղամասերից մեկում` Նորքի 1-ին նրբանցքի համեստ մի տանը: Մուշեղը «Արարատբանկի» ինկասացիայում է աշխատել, բայց հիմա ի վիճակի չէ որևէ գործ անելու: 2020թ. Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ նա Մատաղիսում է եղել, վիրավորվել է որովայնից և ականջից։ Աղիների մի մասը որովայնից դուրս են հիմա, լսողությունն էլ խաթարվել է: Նրա բուժումն արտերկրում կազմակերպելու համար բավարար ֆինանսական միջոցներ չունեն: Մուշեղը, սակայն, եվրոպական ընկերության, մասնավորապես` Լեհաստանում 2017թ. գրանցված Equimach Sp Zoo-ի հիմնադիր է, ինչպես նաև՝ այդ ընկերության խորհրդի նախագահը: Պարզապես նա չգիտի, թե այդ ընկերությունն ինչ նպատակով է հիմնադրվել և ինչ գործարքներ է անում:

Share This