Հայաստանի արտաքին պահուստները մի քանի ամսում 25 %-ով կրճատվել.Մեկնաբանություն՝ Ատոմ Մարգարյանից

Հայաստանի արտաքին պահուստները վերջին մի քանի ամիսների ընթացքում նվազել են 1.3 մլրդ դոլարով՝ մոտ 25%-ով։ 2023 թվականի օգոստոսին Հայաստանի տարադրամային պահուստները կազմում էին 4 մլրդ 219 մլն դոլար, իսկ 2024 թ. մայիսի սկզբին՝ 3 մլրդ 188։ Կառավարության անդամներն իրենց ղեկավարի գլխավորությամբ մշտապես հայտարարում է  տնտեսական բարձր աճի և հանրապետություն դրամական աննախադեպ հոսքերի մասին։ Եթե այդ պնդումները իրականությանը համապատասխանում են, ապա անտրամաբանական է, որ մի քանի ամսում պետությունն արտաքին պահուստներից 25%-ը ծախսի։

Այս հակասությունը պարզաբանելու համար Ambion.news-ը դիմեց տնտեսագետ, ՀՊՏՀ պրոֆեսոր Ատոմ Մարգարյանին։

Ա. Մարգարյան-Այն պայմանավորված է ֆինանսական համակարգի վիճակով։ Տնտեսական աճը, ըստ էության, կապ չունի այդ ամենի հետ։ Տնտեսական աճն արհեստական է։ Պատկերավոր ասած, Հայաստանի տնտեսությունը նման է այն մեռնող մարդուն, որը միացած է արեստական սնուցող ապարատին։ Ինչ աճերի մասին է խոսքը, երբ վերջին տարիների՝ 2022, 2023 և այս տարվա աճն ու տնտեսական ակտիվությունները հիմնված են առավելապես մեծածավալ ֆինանսական հոսքերի վրա՝ ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ռուսական խոշորածավալ հոսքերի վրա։ Երկրորդ՝ հիմնված է վերարտահանումների վրա, նաև վերջին կես տարվա ընթացքում ոսկու և թանկարժեք քարերի ներկրման, վերապիտակավորման անվան տակ նաև ՌԴ-ից դեպի արաբական երկրներ, հնդկաստան  արտահանման վրա։

Դրան նպաստել են նաև ավանդական գործոնները՝ առևտուրը, ծառայությունները, որոնք ավանդաբար գեներացնում են տնտեսական աճը։ Հատկապես այն վերաբերում է խաղաբիզնեսին, խաղադրույքներին։ Այս ամենին գումարվում է հանքարդյունաբերությունը և շինարարական ներկայիս փուչիկը։

Բայց եթե նայում ենք ֆինանսական համակարգի կացությանը, ապա մեծ հաշվով մենք տեսնում ենք, որ հատկապես վերջին 5-6 տարվա կտրվածքով պարտքի ահռելի կուտակումը՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին, պահանջում է սպասարկման հսկայական միջոցներ։ Միայն այս ավելի քան 2 մլրդ դոլարի միջոցներ է կլանելու ինչպես տոկոսավճարների մարումը՝ մոտավորապես 323 մլրդ դրամ, այնպես էլ մոտ 480 մլրդ դրամի՝ 1 մլրդ 200 մլն դոլարի մայր գումարների սպասարկում է արվելու։ Սրանք շատ մեծ թվեր ն և այստեղ խոսվում է միայն պետական պարտքի մարման մասով։

Մյուս կողմից մասնավոր ավանդային կազմակերպություններն արտաքին աղբյուրներից ահռելի պարտքեր են կուտակել և ֆինանսական միջոցներ ներգավել։ Դրանք են մասնավոր բանկերը, մասնագիտացված վարկային կազմակերպությունները՝ ֆոնդերը։ Վերջիններս, լավ օրրից չէ, որ այդ քաղաքականությանն են դիմում, քանի որ այսպես ասած գործող տոկոսադրույքների մկրատի՝ ԿԲ-ի վերաֆինանսավորման շատ բարձր տոկոսադրույքի պայմաններում,  մասնավոր բանկերին և վարկային մյուս կազմակերպություններին, ինչպես նաև արտադրական սեկտորի խոշոր ընկերությւոններին ձեռնտու է  արտարժույթով վարկային ռեսուրսները ներգրավել արտաքին աղբյուրներից և բնականաբար այդ ներգրավումները, որոնք մոտավորապես 5 մլրդ դոլարի են հասնում, ենթադրում են նաև  մարումներ և տոկոսավճարների սպասարկումներ։

Այս ամենը բերում է արտարժույթի նկատմամբ հսկայածավալ պահանջարկի։ Ահա հենց այս պատճառով և այս գործոնների համադրությամբ են եկրի արտաքին պահուսներն ավելի քան 1 մլրդ դոլարով կրճատվել՝ ի հեճուկս այն էլեմենտար դասագրքային ճշմարտության և պահանջի, որ երկրի արժույթային պահուստներն առնվազը պետք է  լինեն ներմուծման 3.5 ամսվա ծածկույթը։ Տնտեսագիտական բուհի 2 կուրսի յուրաքանչյուր ուսանող կբացատրի, որ արտաքին արժութային պահուսները չպետք է պակաս լինեն քան երկրի ներմուծման վերջին 3.5 ամսվա միջին ցուցանիշը։ Վերջին ցուցանիշներն ասում են, որ այդ ներմուծումներն ավելի մեծ են քան արտաքին արժույթային պահուստները։ Ոչ ոք այդ մասին չի խոսում, ոչինչ չեն ասում։

Ambion.news-Ինչպե՞ս է լինելու պետական պարտքի հետագա սպասարկումը և կառավարությունն ինչ պետք է անի, որպեսզի միայն արտաքին պահուստները վատնելով չսպասարկի այն

Ա. Մարգարյան– Էլ ավելի ծանր է լինելու 2025 թվականը պետական պարտքի սպասարկման առումով, ինչը նշանակում է, որ թե տոկոսվճարների վճարումը, թե մայր գումարների սպասարկումը լինելու է չափազանց ծանր, ծախսատար և պահանջելու է շատ մեծ ծավալի արտարժութային միջոցներ։ Այդ գումարները քաշում են և՛ կառավարությունը, և՛ մասնագիտացված ավանդային կազմակերպություները, և՛ արտադրական սեկտորի կազմակերպությունները։

Մասնագիտական դիտանկյունից այստեղ խնդիր չկա, այլ բան է , որ երկրի ֆինանսները կառավարողները, Կենտրոնական բանկի կառավարողները մեծ խնդիր ունեն այս ամենը, բոլոր այս հոսքերը պահել հավասարակշռված վիճակում։ Այն հնարավոր կլինի, եթե տնտեսությունը լինի կենսունակ, եթե միջին և երկարաժամկետ արժեստեղծող համակարգեր լինեն, բայց ինչպես նշեցի, դրանք առևտուրն ու վերարտահանումների գործոններն են, որոնք ես կանվանեի սպեկուլյացիաներ։ Թանկարժեք մետաղների վրա հիմնված սպեկուլյատիվ խաղերը ոչ մի լավ բանի չեն բերի և եթե այսպես շարունակվի, ապա հնարվար է սուվերեն դեֆոլտի՝այսինքը երկրի ֆինանսական համկարգի սնանկության խնդիր առաջանա։ Սա շատ լավ երևում է այն լարվածությունից և ջղաձգությունից, որ պետական կառույցներն այսօր քննարկում են, թե էլ որտեղից հնարավոր կլինի հարկ քերել և հասել են արդեն Եկեղեցու փոքրիկ գումարներին, փոքր և միջին ձեռնարկատիրության կյանքը բարդացնելուն և ամեն տեղից հարկային գանձումներ անելու արատավոր գործելաոճին։

Սա ոչ մի լավ տեղ չի տանի։ Հարկավոր է առողջացնե տնտեսական համակարգը, միջին և երկարաժամկետ քաղաքականություն վարել, պարտքի ներգավման քաղաքականությունը դնել ողջամտության հիմքերի վրա, բայց ես չեմ տեսնում նման ոչ ցանկություն, ո՛չ էլ կարողությո՛ւն։

Ambion.news-Ստացվում է, որ արտաքին պահուստների հաշվին ապահովվում է պարտքի սպասարկման համար անհրաժեշտ արտարժույթի քանակը, ինչի հետևանքով՝ վերջինիս նման մեծ պահանջարկի պայմաններում դոլարը չի թանկանում։ Դրամի նման գերարժևորումը ինչպե՞ս է ազդում տնտեսության վրա։

Ա. Մարգարյան-Հայկական դրամը մնեծ հաշվով գերարժևորված է, ինչն առաջին հերթին հարվածում է հայրենական արտադրությանը և արտահանումներին։ Բայց տնտեսության ռեալ սեկտորի  մասին ոչ ոք չի մտածում։ Խոսքը գնում է սեփական հայրենական աշխատատեղերի ստեղման մասին, որով ավելացված արժեք կստեղծվի և բնակչության համար կայուն եկամուտներ կապահովվի։ Այս օրակարգը պարզապես գոյություն չունի։

Մյուս կողմից էլ տարօրինակ և պարադոքս է, որ դոլարը էժան է։ Կառավարությունն ու ԿԲ-ն չեն վարում ընդլայնողական քաղաքականություն՝ հավելյալ էմիսիայի հաշվին։ Գնաճը շատ ցածր մակարդակի վրա է, նույնիսկ երբեմն իրավիճակը գնանկումային է և այս իրավիճակում  վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահվում է ահռելի՝ 8 %-ից բարձր մակարդակի վրա։ Այն դեպքում, երբ գնաճը 1.5-2 %-ի սահմաններում է, այն պարզապես անտրամաբանական, հակատրամաբանական քաղաքականություն է, որ ուղղված է առաջին հերթին սեփական տնտեսության զարգացման ծրագրերի դեմ։

Հասկանալի է, որ այդ էժան դոլարը, որքն էլ պարադոքսալ հնչի, պետք է առաջին հերթին կառավարությանը, որովհետև նա խրված է իր պարտքային օրակարգի մեջ։ Ինքը էժան դոլարը հավաքում է, որպեսզի պարտքը, որը խելագար ձևով կուտակել է՝ վերջին 5 տարվա ընթացքում միջին հաշվով յուրաքանչյուր տարի 1 մլրդ դոլարի չափով ավելացնելով, սպասարկի։ Այսօր պետական պարտքը 12 մլրդ դոլարի սահմաններում է և եթե դրան գումարենք մասնավոր պարտքերը, ապա մոտ 15 մլրդ դոլար է կոնսոլիդացված պարտքը և այդ ամենը սպասարկելու համար անհրաժեշտ է արժութային միջոցներ և այդ պահանջարկը  ստիպում է, որպեսզի կայուն պահվի նաև փոխարժեքը։

Ստացվում է փակ շրջան՝ զարգացման համար անհրաժեշտ է ընդլայնողական, դեվալվացիոն քաղաքականություն, այսինքը՝ ազգային արժույթի որոշակիորեն թուլացում՝ հետևաբար արտադրության ու արտահանումների խթանում։

Տրամաբանական ողջամիտ քաղաքականությունը դա պետք է լիներ, բայց քանի որ պարտքի բեռը, կամ կարճաժամկետ իրադրային օրակարգը, այդ փակուղային կացությունը, որ իրեն դրել է գործադիրի այս կաբինետը, ստիպում է մտածել այսօրվա վառվող ֆինանսների մասին՝ այն, բնականաբար, հետին պլան է մղել արտադրական ռեալ սեկտորի խթանման, զարգացման  գործիքները և առաջին պլանի վրա է պահում իր պարտքը սպասարկելու և դրանով խաղալու իր գործելակերպը։ Սա է պետական ֆինանսների ընդհանուր շրջանակը, որի մաս կազմող պետական արտաքին պահուսներն ընդամենը գործիքներ են։ Այն ինքանպատակ չէ, բայց պահուստը նաև արտաքին պարտքը սպխասարկելու գործիք  և միջոց է։ Դրան նայելով են նաև դոնորները որոշումներ կայացնում պարտքի նոր խմբաքանակներ տալ, թե չտալ։

Share This