Կքննարկվի՞, արդյոք, 8 ամսական երեխայի մոր խափանման միջոցի փոփոխության հարցն այսօրվա դատական նիստում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում լայն արձագանք ստացավ Զարուհի Փոստանջյանի հրապարակած տեսանյութը՝ կապված 8 ամսական երեխա ունեցող Լիանա Հարությունյանի կալանքի հետ։ Թեև առաջին օրերի բուռն արձագանքները որոշ չափով նվազել են, այդուամենայնիվ, թեման շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։
Լիանա Հարությունյանի շահերի պաշտպան Զարուհի Փոստանջյանը պարբերաբար հանդես է գալիս գրառումներով՝ ներկայացնելով իրավիճակի իր մեկնաբանությունները։ Թե որքանով են դրանք հավաստի կամ իրավական հենք ունեցող, մասնագիտական քննարկման հարց է, իսկ բուն գործն ինքնին տարբեր հարցեր է առաջ բերում, սակայն առանցքայինը մնում է մի բան՝ երեխայի լավագույն շահը և հնարավորինս արագ կալանքից դուրս գալու հարցը։
Ինչպես հայտնի է դարձել, մի խումբ ընդդիմադիր կին պատգամավորներ արդեն ներկայացրել են երաշխավորագրեր՝ ի պաշտպանություն Լիանա Հարությունյանի։
