Կրծքագեղձի քաղցկեղը հաղթահարելուց րոպեներ անց բրիտանուհին վիճակախաղով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել
Անգլիական Քերֆիլի կոմսության Նյու Թրեդեգար քաղաքի 55-ամյա բնակչուհի Լինն Փրայսն իմացել է, որ վիճակախաղի իր տոմսը շահել է, այն բանից հետո, երբ իրեն հայտնել են կրծքագեղձի քաղցկեղը վերջնականապես հաղթահարելու մասին, գրում է The Sun-ը։
Կինը բացել է բժշկական եզրակացությունը, որտեղ ասվել է, որ, բուժզննման տվյալների համաձայն, իրեն հաջողվել է հաղթահարել կրծքագեղձի քաղցկեղը, որը հայտնաբերվել էր 2015 թվականին։ Մի քանի րոպե անց կնոջ 53-ամյա ամուսինը՝ Դևիդը, աշխատանքից տուն է վերադարձել և հայտարարել EuroMillions վիճակախաղի տոմսով 1 միլիոն ֆունտ ստեռլինգ շահելու մասին։
Նորությունն ապշեցրել է կնոջը։ Նա մտել է լոգասենյակ և երկու ժամ դուրս չի եկել այնտեղից՝ փորձելով գիտակցել տեղի ունեցածը։
Ամուսնական զույգը հաջորդ ամիս պլանավորում է երեխաների և թոռների հետ դեպի Չինաստան ճամփորդության մեկնել իրենց ամուսնության 33-ամյակի առթիվ։
Փրայսների խոսքով՝ սա իրենց ընտանիքում վիճակախաղի տոմսով արդեն երրորդ շահումն է։ 90-ականներին գումար է շահել Դևիդի քույրը, իսկ նրանց հեռավոր ազգականը՝ Էյդ Գուդչայլդը, մարտին վիճակախաղի տոմսով 71 միլիոն ֆունտ ստեռլինգ է շահել։
Դևիդը պատմել է, որ գործընկերներն աշխատավայրում դեռևս շահումից առաջ էին նրան «Հաջողակ Դե» անվանել։ Նա հետաքրքրվում է լեռնագնացությամբ և պլանավորում է հաջորդ տարի դեպի Էվերեստ երեքշաբաթյա արշավի մեկնել։
