Կենացներն ու գովաբանությունները բավարար են, գործ է պետք անել․ Գելա Վասաձեն՝ Զոհրաբ Մնացականյանի՝ Վրաստան այցի մասին
Սա Հայաստանի արտաքին գործերի նախարարի առաջին պաշտոնական այցն էր Վրաստան, ինչը ինքն իրենով տարօրինակ էր, քանի որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անձամբ, երբ եկել է իշխանության, մեկ անգամ չէ, որ այցելել է Վրաստան:
Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Վրաստանի Black Sea Press գործակալության գլխավոր խմբագիր, վրացի քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեն:
«Իր մեկնաբանությունում Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին նշել է, որ բանակցությունները կրել են կոնկրետ բնույթ և վերաբերել են ինչպես երկկողմանի հարաբերություններին, այնպես էլ Վրաստանի և Հայաստանի համագործակցությանը միջազգային հարթակներում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այս օրերին պաշտոնական այցով հարևան Վրաստանում է: Նա հանդիպել է իր գործընկեր Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանիի, ինչպես նաև վարչապետ Մամուկա Բախտաձեի ու Վրաստանի հայ համայնքի հետ:
Գելա Վասաձեի խոսքով, իհարկե, հետաքրքիր կլիներ լսել իրենց նախարարից՝ ինչի մասին է հատկապես խոսք գնացել հանդիպման ժամանակ: Նա նկատեց, սակայն, որ նախարարը սահմանափակվեց նրանով, որ պատմեց՝ խոսակցության թեմաները վերաբերել են առևտրատնտեսական հարաբերություններին և Հայաստանից Վրաստան այցելողների թվի դրական դինամիկային:
«Այս ամենը լավ է, բայց եթե խոսքը գնում է առևտրատնտեսական հարաբերությունները լավացնելու մասին, վատ չէր լինի ասել՝ ինչ միջոցներ են ձեռնարկվում Հայաստանի և Վրաստանի կառավարությունների միջև, որպեսզի ազդեն առևտրի աճի վրա: Իսկ եթե խոսք է գնում այցելուների մասին, ապա ասել՝ ե՞րբ քայլեր կձեռնարկվեն մեր սահմանապահների կողմից Սադախլո սահմանակետում կատարվող «զոռբայությունների» դեմ»,- ասաց նա:
Վրացի վերլուծաբանը նշեց, որ իհարկե, շատ լավ է, որ մեր վարչապետերը և նախագահները գտնվում են կապի մեջ, հրաշալի է, որ աշխատում են միջկառավարական և միջխորհրդարանական հանձնաժողովները, բայց ցանկալի կլիներ տեսնել նրանց աշխատանքի կոնկրետ արդյունքները:
Դիտարկմանը, թե ինչ է կարծում, կա՞ ըմբռնում երկու կողմերի միջև քաղաքական հարցերի, մասնավորապես հայ-ռուսական հարաբերությունների, տարածաշրջանում եղած կոնֆլիկտների տարբերությունների վերաբերյալ, Գելա Վասաձեն պատասխանեց․ «Ի՞նչ է նշանակում ըմբռնում: Կա իրականություն, և այն այնպիսին է, ինչպիսին կա: Հարցն այլ տեղ է՝ արվու՞մ է այն, ինչ պետք է արվի այդ հարցերում: Դրա մասին ընդհանրապես խոսք չկա»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նրան, թե ինչի կարիք կա երկու երկրների հարաբերություններում, ապա, ըստ վրացի վերլուծաբանի, պետք է լինի հստակ պատկերացում հնարավորությունների մասին և դրանց գործնական իրականացում: «Կենացներն ու գովաբանությունները բավարար են, գործ է պետք անել»,- ասաց նա:
