Կա պարզ ճշմարտություն. աղքատ երկրում հարուստ ապրելն ամոթ է. Ռ. Բաբայանը`վարչապետի համար արվող ծախսերի մասին
Մարգարետ Թետչերն ասել է` չկա պետական փող, կա հարկատուների գումար, դրա համար էլ հարկատուները ընտրում են Ազգային ժողով, որ այն վերահսկի, թե ինչպես է ծախսվում հարկատուներից հավաքված գումարը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը` անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի համար կատարվող ծախսերին, մասնավորապես՝ նրա մեքենայի փոխելուն, կառավարական առանձնատան վերանորոգման համար 2 մլն դոլար ծախսելու լուրերին, Կառավարության միջանցքի վերանորոգմանը, ինքնաթիռի գնման քննարկումներին և այլն:
«Ես այնքան էլ կողմնակից չեմ ամեն րոպե վերահսկել, թե որտեղ ինչքան է ծախսվում, քանի որ դրա համար կա ընտրված մարմին, նրանք պետք է պատասխան տան, թե արդյո՞ք դա նրանք վերահսկում են, թե՞ ոչ: Դրանով պետք է զբաղվեն մարդիկ, ովքեր դրա համար աշխատավարձ են ստանում»,-ասաց նա և շեշտեց, որ մեր երկիրը պետք է խորհրդարանական լինի, քանի որ մենք վարչապետական համակարգ չենք ընդունել:
«Եթե չլինի պետական մարմինների հանդեպ վերահսկողություն, ապա մենք երբևէ չենք կառուցի նորմալ պետական նավ, միշտ այն կշեղվի որևէ կողմ, այնինչ ամեն ինչ պետք է բալանսավորված լինի»,-ասաց նա և նշեց, որ մենք պատգամավորներից պետք է պահանջենք, որ վերահսկենք:
«Եթե մենք բարձրացնում ենք տնտեսելու հարցը, այդ տնտեսումը պետք է վերաբերի բոլոր օղակներին, ոչ թե՝ միայն մշակույթին: Ես ինքս կցանկանայի, որ մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձերը բարձրանար, բայց մեր մասին, որքան հասկանում եմ, ընդհանրապես խոսք չկա մինչև 2050 թ.: Այստեղ պետք է որոշել, թե որն է երկրի համար առաջնահերթությունը, արդյո՞ք մեքենան այն վիճակում է, որ պետք է փոխել, արդյո՞ք վերանորոգումն անհրաժեշտություն է, ներկայիս ինքնաթիռը վտանգ է ներկայացնո՞ւմ»,-ասաց նա՝ նշելով, որ վերջիվերջո մենք ընտրում ենք մարդկանց, որ վերահսկողություն իրականացնենք:
Ռուբեն Բաբայանը նշեց, որ կա պարզ ճշմարտություն՝ աղքատ երկրում հարուստ ապրելն ամոթ է և հարուստ երկրում աղքատ ապրելը ամոթ է: «Անձամբ ես տնօրեն եմ դարձել 21 տարի առաջ, ես իմ աշխատասենյակում կահույք չեմ ունեցել և դա ինձ չի խանգարել աշխատել: Միգուցե կան մարդիկ, որոնց օգնում է կահույքը, մեքենան, համապատասխան վերանորոգումը»,-ասաց նա:
Նա նաև նկատեց, որ որքան մենք շուտ դուրս գանք էմոցիոնալ դաշտից, այդքան ավելի շուտ կկառուցենք նորմալ պետություն: «Երբ մեր պետական կառավարմանը խառնվում է էմոցիոնալ համակարգը, այն միշտ խանգարում է»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե արդարացված համարո՞ւմ է բյուջեի միջոցներն ուղղորդել նման ծախսերի ուղղությամբ`նոր մեքենա ձեռք բերելուն, վերանորոգումներ կազմակերպելուն, անգամ՝ ինքնաթիռի և ոչ, օրինակ, ռազմական բյուջեն ավելացնելուն, այդ ծախսերը որքանո՞վ են սթափ և ոչ էմոցիոնալ, նա ասաց. «Չգիտեմ, ես միայն կարող եմ ասել, որ ես անձամբ չէի անի»:
Նա նշեց, որ վերահսկող մարմինները պետք է ասեն, թե արդյո՞ք այդ ծախսերը ճոխություն են: «Որևէ տեղ չկա գրված, որ Ազգային ժողովի պատգամավորն առաջնորդվում է կուսակցական պատկանելիությամբ, բայց պատասխան ենք տալիս յուրաքանչյուրս մեր խղճի և ընտրողների առաջ: Հակառակ դեպքում ստացվում է նույն սովետական համակարգը, հիմա էնտեղ միակուսակցական է, այստեղ՝ բազմակուսակցական, բայց կուսակցականը մնում է կուսակցական և բոլոր սկզբունքները կարող են ոտնահարվել՝ ի շահ կուսակցական պատկանելիության»,-ասաց նա:
Հարցին, թե հիմա այդպե՞ս է արվում, նա ասաց, որ կարծում է, որ բոլորս կարող ենք համաձայնվել, որ իրականում մեր մոտ խորհրդարանական համակարգը, որպես այդպիսին, չի գործում: «Խոսքը գնում է ոչ թե լավ ու վատ իշխանության մասին, այլ վերահսկելի իշխանության մասին, եթե ամենալավ իշխանությունն էլ անվերահսկելի է, շատ արագ վատանում է»,-հավելեց նա:
