Կառավարությունն ընդլայնեց պետության աջակցությամբ վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնությունից օգտվող կանանց շրջանակը. արցախցի կանայք ևս կարող են օգտվել

Կառավարությունը որոշեց ընդլայնել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով բուժօգնության իրավունքից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը:

Զեկույցով հանդես եկավ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նշեց, որ որոշմամբ այս փաթեթից օգտվող 2 տարի և ավելի անպտղություն ունեցող անզավակ կանանց տարիքային շեմը 36-ից բարձրացվում է մինչև 40 տարեկանը ներառյալ:

«Բացի դրանից ընդլայնվում է նաև երկրորդային անպտղություն ունեցող մեր շահառուների շրջանակը, և եթե նախկինում սահմանվում էր, որ միայն սահմանամերձ բնակավայրերի քաղաքացիներն իրավունք ունեին օգտվելու այս հնարավորությունից, հիմա այս սահմանափակումը դուրս է գալիս, բոլորը կարող են օգտվել:

Միաժամանակ կարգավորվել է ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների բուժօգնության տրամադրման կարգը: Մինչև օրս էլ նրանք օգտվում էին այս ծրագրից, բայց անհատական հրամանների շրջանակներում, հիմա արդեն հավասար կերպով ընթացակարգային առումով կօգտվեն կառավարության կողմից ընձեռված այս հնարավորություններից»,-ասաց նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ ծրագրում ընդգրկվածության առումով լավ ցուցանիշներ ունենք։ Նա թվեր հրապարակեց՝ ցույց տալով, թե ինչպես է ծրագիրը տարեցտարի ընդլայնվել և ընդգծելով, որ ոչ միայն շահառուների շրջանակն է ընդլայնվել, այլև ծնված երեխաների թիվն է աճել:

«Այս ծրագիրը սկսվել է 2019-ից պիլոտային կարգով: 2020-ին ընդամենը 49 բալիկ ենք ունեցել, 2021-ին՝ 76, 2022-ին՝ 128, 2023-ին՝ 159, իսկ այս տարվա հունվար-հունիս ամիսներին արդեն 271 երեխա է ծնվել: Կտրուկ աճ ունենք նաև հղիների, ինչը նշանակում է, որ առաջիկայում այս ծնված բալիկների թիվը կմեծանա»,-ասաց առողջապահության նախարարը:

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունավետությունը գնահատվում է դուրս գրված բալիկների ցուցանիշով, իսկ մեր երկրում այն կազմում է 33 տոկոս, որը բավական լավ ցուցանիշ է:

Share This