Կառավարությունը հրաժարվեց բանավոր պատասխանել պատգամավորի՝ ՄԻՊ-ի ֆինանսավորման վերաբերյալ հարցին
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը պատերազմական և հետպատերազմական շրջանում տեսանելի աշխատանք է տարել և այդ աշխատանքը տարվում է մինչ օրս, բայց կարծես որոշակի վերապահումներ կան ՄԻՊ գրասենյակի և պաշտպանի վերաբերյալ, ինչո՞ւ չունենք այս հարցի շրջանակներում հստակ հիմնավորումներ։ Այսօր ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ Կառավարությանը հարցրեց պատգամավոր Գոռ Գևորգյանը։
«Մասնավորապես, մարդու իրավունքների պաշտպանին Կառավարության նիստերին չհրավիրելու հարցի առնչությամբ, որի մասին հնչել է պաշտոնական պատասխան, բայց ես կարծում եմ՝ ֆինանսավորման կրճատման և Կառավարության նիստերին չհրավիրելու հարցում առնվազն պետք է ունենանք շատ հստակ հիմնավորում»,- ասաց Գոռ Գևորգյանը։
Նա հավելեց՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահը բաց նամակ է ուղարկել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին, իսկ Վենետիկի հանձնաժողովը ՄԻՊ-ի ֆինանսավորման հարցը վերցրել է ուսումնասիրության։ Պատգամավորը նաև ընդգծեց՝ այս գրասենյակի աշխատանքը ավելի քան էական է Հայաստանի համար։
Ես կարծում եմ՝ ժողովրդավարական արժեքներ դավանող պետության համակարգում այս գրասենյակի աշխատանքը առավել քան էական է, մասնավորապես, երբ հաշվի ենք առնում Ադրբեջանի կողմից մշտական բնույթ կրող հակահայկական սպառնալիքները, նաև ուզում եմ ձեզ տեղեկացնել՝ բաց նամակ է ուղարկվել նաև խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանին՝ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի նախագահի կողմից, ինչպես նաև ֆինանսավորման հետ առնչվող հարցը Վենետիկի հանձնաժողովը վերցրել է ուսումնասիրության»,- նշեց պատգամավորը։
Կառավարությունը հրաժարվեց բանավոր պատասխանել պատգամավոր Գոռ Գևորգյանի հարցին, որը վերաբերում էր ՄԻՊ-ի գրասենյակի ֆինանսավորմանը։ https://www.tert.am/am/news/2021/03/24/Gor/3562748
