Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ հերթական բողոքի ակցիան է

Կառավարության գլխավոր մասնաշենքի մոտ հերթական բողոքի ակցիան է մեկնարկել։ Այս անգամ իրենց ձայնը լսելի դարձնելու են եկել Արմավիրի մարզի խաղողագործները, որոնց պնդմամբ՝ սովորականի նման խաղողը մշակել են, բայց արդեն հոկտեմբերն է մոտենում, բայց իրենց հստակ չեն ասում՝ որտեղ պիտի մթերեն, որքանով պիտի մթերեն։ Խաղողագործները նկատում են՝ այն գինը, որը առաջարկում են, պարզապես իրենց ձեռք չի տալիս, անգամ կարող է ստացվել այնպես, որ իրենց ձևակերպմամբ «մինուսով աշխատեն»։

«Մենք անցած անգամ էլի եկել էինք նախարարության դիմաց, հանդիպել էինք նախարար Վահան Քերոբյանին։ Քերոբյանը մեզ ի՞նչ է պատասխանել։ Պատասխանել է, թե փորձում են պրն Ծառուկյանի հետ կապվեն, որ մթերում իրականացնենք։ Հիմա փաստորեն էսօր մենք տեղեկացանք, որ այսքանից հետո մենք էլի պտի 100 դրամով մթերում իրականացնենք։ Քերոբյանին անցած ուրբաթ ենք հանդիպել»,- լրագրողների հետ զրույցում ասաց խաղողագործներից մեկը։«Պրն Քերոբյանին անձամբ ես հարց եմ տվել։ Ասել եմ՝ պրն Քերոբյան, դուք գիտե՞ք՝ խաղողագործի վրա 1 կգ խաղողը, եթե հենց ինքը մշակում է, ինչքան է նստում, ինքը ինձ պատասխանում է՝ 120 դրամ։ Հետո ասացի՝ բա պրն Քերոբյան, եթե այդպես է, հիմա մենք ինչքանով պիտի մթերենք, ասաց՝ 120 դրամ։ Այսինքն՝ եթե մեր վրա 120 դրամ է նստել ու պիտի մթերենք 120 դրամով, բա պետության պարտքերը ոնց ենք տալու, կոմունալները ոնց ենք մուծելու, ոնց ենք ապրելու։ Նախանցած տարի մթերումը եղել 155 դրամով, անցած տարի իջեցրին 130, հիմա էլ 100։ Մենք մի կերպ էդ 130 դրամի մեջ տեղավորվեցինք, բայց հավատացեք՝ 100-ի մեջ չենք կարող»,- հավելեց նա։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )