Կամո Փիրուզյանի սպանության գործի ընթացքը փոխվում է ակնհայտ ապացույցների դեպքում և, կամա թե ակամա, այս գործընթացի մեջ շատ ակտիվ նկատվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի ազդեցությունը. Լուսինե Սահակյան
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում քննվող Կամո Փիրուզյանի սպանության գործի դատաքննության ընթացքում արդեն հրապարակվել են գրավոր ապացույցները, ինչպես նաև նախաքննության ընթացքում Վ. Աբգարյանի բնակարանում իրականացված «ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում իրականացված ձայնագրությունները։ Սակայն մամուլում հրապարակումներ կան, որ գործն այլ ընթացք է ստանում վերջին մեկ տարում, ինչի շուրջ Tert.am-ը զրուցել է Փիրուզյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի հետ:
– Տիկին Սահակյան, դատարանում ձեր հակառակորդները պնդում են, որ մեղադրյալ Վահագն Աբգարյանը, որն առավել հայտնի է Ալավերդցի Վահագն անունով, անմեղ է, սպանության հետ որևէ առնչություն չունի: Ի՞նչ ընթացքում է գործը, դուք նշել եք, որ քաղաքական իրավիճակի փոփոխությունն ազդել է նաև այս գործի վրա, սակայն, կարծեք թե, այս գործը քաղաքական չէ, ինչո՞ւ պետք է քաղաքականացվի:
– Հրապարակված ապացույցները կարծես թե կասկած չեն թողնում առ այն, որ հենց Վ. Աբգարյանն է սպանության պատվիրատուն, ավելին` սպանությունից հետո հենց նա է բոլոր հնարավոր ու անհնար միջոցները ձեռնարկել, որպեսզի Կամո Փիրուզյանի սպանությունն իրականացրած Վլադիմիր Դավթյանի արարքը որակվի ավելի մեղմ հոդվածով, իսկ իր ու Վ. Դավթյանի կապն ամեն կերպ թաքցվի ու չարտացոլվի քրեական գործի նյութերում։ Այդ նպատակով է, որ ըստ մեղադրանքի Վ. Աբգարյանը տարբեր չափերի կաշառքներ է տվել ինչպես ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Թաթուլ Շուշանյանին, ապա նաև ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչ Արտակ Հովհաննիսյանին։
Այս ապացույցների ֆոնին, սակայն, չի դադարում աղմուկը գործի շուրջ, «Ալավերդցի Վահագի» պաշտպանությունն ստանձնած իրավապաշտպանները բարձրաձայնում են, թե գործը «սարքված» է, իսկ Վ. Աբգարյանը` անմեղ։ Այս առումով իրավիճակն ավելի լարվեց, երբ Վ. Աբգարյանի պաշտպանության թիմի կողմից դատարան ներկայացվեց գործով վկաներից մեկը, Վ. Աբգարյանի մտերիմներից Արկո մականունով Արթուր Մնացականյանը, ով նախկինում նույն գործի շրջանակներում ևս մեղադրյալի կարգավիճակ է ունեցել։ Այս վկան նախաքննության ընթացքում ցուցմունքներ է տվել` նկարագրելով Վահագն Աբգարյանի կողմից Կամո Փիրուզյանի սպանության կազմակերպման մանրամասները, ինչպես նաև հետագայում քննչական կոմիտեի ծառայողներին կաշառքներ տալու, որոշ դեպքերում նաև հետ պահանջելու ու ստանալու հանգամանքները։ Հիմա, սակայն, այդ վկան հայտարարում է, որ ինքը սուտ ցուցմունքներ է տվել «Ալավերդցի Վահագի» դեմ, մատնանշում է Քննչական կոմիտեի և Հատուկ քննչական ծառայության մի շարք քննիչների անուններ ու պնդում, որ նրանք են իր վրա հոգեբանական ճնշումներ գործադրել Վ. Աբգարյանի դեմ ցուցմունք տալու համար։ Ընդ որում` այդ ընթացքում նա ունեցել է երեք պաշտպան:
– Տիկին Սահակյան, բայց իրականում հնարավոր է, չէ՞, որ ճնշումներ են գործադրել վկայի նկատմամբ և ամբաստանյալներին վերագրվող արարքն իրենք չեն արել:
– Այս պահի դրությամբ դատարանում հետազոտված ապացույցների համակցությունն անգամ բավարար է, որպեսզի գործով ամբաստանյալների մեղադրանքը դատարանը հաստատված համարի։ Ավելին, ես գտնում եմ, որ դատարանը դատավճռի հիմքում պետք է դնի նաև վկա Արթուր Մնացականյանի նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, քանի որ ներկա պահին ում հետ ինչ շփումների կամ այլ գործոնների ազդեցությամբ էլ այդ վկան փորձի խուսափել իրականությունը ներկայացնելուց, միևնույն է` նրա կողմից նախաքննության ընթացքում տրված ցուցմունքներին ու քրեական գործով առկա մյուս ապացույցներին, մասնավորապես, գաղտնալսումներին ծանոթ ցանկացած անձի համար ակնհայտ է, որ արժանահավատ են հատկապես դրանք։ Այդ ցուցմունքները հիմնականում վերաբերում են գաղտնալսումներով արդեն իսկ հիմնավորված հանգամանքներին, ու վկան դրանցում ներկայացրել է հենց այն հանգամանքները, որոնք արտացոլված են նաև իր մասնակցությամբ զրույցների գաղտնալսմամբ։ Ավելին` նախաքննության ընթացքում այդ վկան վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է սպանության կազմակերպման ու կաշառք տալու այնպիսի մանրամասներ, որոնք որևէ այլ կերպ չէին կարող հայտնի դառնալ քննիչներին, որ դեռ նրանք էլ վկային ստիպեին նման հանգամանքների մասին ցուցմունքներ տալ։
Մեզ համար ակնհայտ է, որ իրավական ուղիով հաջողության հասնելու որևէ հնարավորության բացակայությունն է ստիպել սպանության կազմակերպիչ ամբաստանյալին դիմելու այլ միջոցների։ Այս պահի դրությամբ արդեն իսկ նշմարվում են այդ միջոցներից աղմուկ-աղաղակը, թե տեսեք` գործը «սարքված» է։ Ընդ որում` հետաքրքրական է, որ աղմկողները հարկ չէին համարում գտնվել դատական նիստերի դահլիճում այն ընթացքում, երբ հրապարակվում էին ամբաստանյալների մեղավորությունը հաստատող անհերքելի ապացույցները, այդ թվում` գաղտնալսումները։
Սակայն, ակնհայտ է նաև, որ մատուցվող աղմուկն ընդամենը այլ պրոցեսները թաքցնելու նպատակ ունի, իսկ այն, որ այս գործին զուգահեռ տեղի են ունենում նաև ինչ-որ այլ գործընթացներ` տուժող կողմի համար արդեն կասկածից վեր են։
– Տիկին Սահակյան, կա զուգահեռ գործ այս գործով քննիչներին կաշառք տալու մասին, հիմա վկան ասում է՝ ճնշում են գործադրել, միաժամանակ գործ կա քննիչներին կաշառելու մասով: Այս գործերի միջև կապին կանդրադառնա՞ք և բացի այդ, քննիչների կաշառքի գործով կալանավորված անձ կա՞:
– Նախ կապն ակնհայտ է իրավական առումով, այս գործերը հիմնականում նույնանման հանգամանքներին են վերաբերում և առկա ապացույցներն էլ շատ դեպքերում նույնն են։ Սակայն Դուք շատ ճիշտ տեղին հարցադրում կատրեցիք, թե ներկա պահին ինչ խափանման միջոցներ են կիրառված ամբաստանյալների նկատմամբ։ Պետք է փաստենք, որ բոլոր երեք ամբաստանյալները, ովքեր մեղադրվում են կոռուպցիոն բնույթի հանցագործություններ կատարելու մեջ, ովքեր իրենց վերագրվող արարքները կատարելիս դիմել են փաստերի խեղաթյուրման, միջոցներ են ձեռնարկել ցանկալի, իրականությունից շեղված ապացույցներ ձեռք բերելու ուղղությամբ, այսօր ազատության մեջ են։ Իսկ պրոցեսներն ընդհանուր համատեքստում դիտարկելիս սկսում է նշվարվել մի իրավիճակ, երբ այս ամենն արդեն պատահական չի թվում։ Ու, կամա թե ակամա, այս գործընթացի մեջ շատ ակտիվ նկատվում է ՀՀ Վճռաբեկ դատարանի ազդեցությունը։ Նման համոզման ենք հանգում բազմաթիվ փաստական հանգամանքներ միմյանց համադրելով։ Կարող եմ կետերով նշել, որ առավել ակնհայտ լինի.
1. Վճռաբեկ բողոքները, այն էլ կալանքների վերաբերյալ վարույթ ընդունելու «սովորություն» չունեցող ՀՀ Վճռաբեկ դատարանն այս գործի շրջանակներում վարույթ ընդունեց ինչպես Թաթուլ Շուշանյանի, այնպես էլ նախկին քննիչներ Արայիկ Ներսիսյանի և Արտակ Հովհաննիսյանի վերաբերյալ բողոքներն ու բավարարեց դրանք։
2. Քննիչների վերաբերյալ քրեական գործի ընդդատության հարցը լուծելու համար այն վճռաբեկ դատարան ուղարկելիս Լոռու մարզի դատավոր Սուրեն Բաղդասարյանը չէր երկարացրել Թաթուլ Շուշանյանին կալանքի տակ պահելու ժամկետը, իսկ Վճռաբեկ դատարանն էլ այնքան ժամանակ էր պահել գործը, որ սպառվի նրան կալանքի տակ պահելու ժամկետն ու ազատ արձակվի։
3. Վահագն Աբգարյանի գործը նախագահող դատավոր Սուսաննա Գզոգյանի կենսագրությունից պարզ է դառնում, որ նախքան դատավոր դառնալը, քրեական արդարադատության ոլորտում նրա ողջ անցած ուղին տեղավորվել է ՀՀ Վճռաբեկ դատարանում։ Նա այդ դատարանում աշխատել է իբրև դատավորի օգնական, ապա ավագ օգնական։ Սոցիալական ցանցում դատավոր Գզոգյանի էջում տեղադրված լուսանկարները ևս վկայում են, որ նա շատ մտերիմ հարաբերություններ ունի վերադաս այդ ատյանի որոշ դատավորների հետ։ Այս համատեքստում արդեն տարօրինակ չի թվում այդ դատավորի ակնհայտ կողմնակալ վերաբերմունքը, պաշտպանության կողմի կամքն ամեն կերպ կատարելու ու տուժող կողմին լռեցնելու միտումը։
4. Հետաքրքիր է նաև Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը Վարդան Անտոնյանի վերաբերյալ քրեական գործով, ում դարանակալել ու տան շքամուտքում երկաթյա ձողերով ծեծի էին ենթարկել Վահագն Աբգարյանի մերձավոր շրջապատի անձինք, իսկ Անտոնյանը հետագայում նրանց սաստելու նպատակով կրակոցներ էր արձակել Վ. Աբգարյանի զրահապատ ավտոմեքենայի շարժիչի և հարևանոթյամ գտնվող ժայռերի ուղղությամբ, երբ դրանով եղել էին իր վրա հարձակվողները։
Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Վ. Անտոնյանը մեղավոր ճանաչվեց սպանության սպառնալիքի համար։ Սակայն, կրկին հետաքրքիր «զուգադիպությամբ» վճռաբեկ ատյանը վարույթ է ընդունել այդ գործով վճռաբեկ բողոքը ևս, որով պահանջվում է Վ. Անտոնյանին դատապարտել ծանրացուցիչ հանգամանքներում սպանության փորձ կատարելու համար։ Խիստ հետաքրքրական էր, որ Վահագն Աբգարյանի ներկայացուցիչ, իրավապաշտպան ներկայացող Մարինա Պողոսյանը հայտարարում էր, թե Անտոնյանը նստելու է, դեռ այն ժամանակ, երբ դեռ վարույթ ընդունելու որոշում նույնիսկ կայացված չէր։ Այսինքն այդ անձը տեղեկացված է Հայաստանի վճռաբեկ դատարանի քրեական պալատի անցուդարձից, նախապես իմանում է, թե այդ ատյանն ինչ գործով ինչ որոշում է կայացնելու։ Ու հիմա երբ Մ. Պողոսյանը հայտարարում է, թե Վարդան Անտոնյանը «նստելու» է, արդեն հասկանալի է դառնում, որ վճռաբեկ դատարանը նպատակադրվել է հենց այդպիսի որոշում կայացնել։
Այս առումով կա նաև շատ հետաքրքրական մի դետալ. Վճռաբեկ դատարանում է հիմա գտնվում նաև սփյուռքահայ Արփի Մերասի բնակարանը յուրացնելու մեղադրանքով ամբաստանյալ, նույն ինքը իրավապաշտպան ներկայացող, Մարինա Պողոսյանի գործը, ու կրկին անհավանական մի զուգադիպությամբ նրա ու Վարդան Անտոնյանի գործերը մակագրվել են միևնույն դատավորին` Սամվել Օհանյանին։
Այս ամենի ֆոնին արդեն ամենևին տարօրինակ չեն թվում Մարինա Պողոսյանի պնդումներն այն մասին, թե ինքն արդարացված է, դա նշանակում է, որ ինքը տեղյակ է նաև, որ վճռաբեկ դատարանի քրեական պալատը որոշում է կայացնելու իր գործով մեղադրանքի կողմի ներկայացրած բողոքը վարույթ չընդունել։
Վճռաբեկ դատարանի այս «ոդիսականին» զուգահեռ, համոզմունք է առաջանում նաև, որ հիմա էլ Թաթուլ Շուշանյանին ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքն է փորձելու այդ դատարանը վարույթ չընդունել, թեև ակնհայտ է, որ այդ անձը պետք է լինի կալանավորված ու առկա են նրան կալանքի տակ պահելու օրենքով նախատեսված բոլոր հիմքերը։
-Իսկ ինչու՞ է այդպես, և ինչ եք ակնկալում այս դեպքում:
– Գործով հետագա ընթացքը ցույց կտա, թե մինչև ուր կարող է ձգվել ապօրինության շղթան ու ինչ շահագրգռվածություն ունեն այս գործով տարբեր պաշտոնատար անձինք։ Այնուամենայնիվ, ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչքան էլ ցնցումային ժամանակներ ապրի, միևնույն է անհնար է, որ հայտնվի մի իրավիճակում, երբ 100 տոկոսանոց ապացույցների առկայության պայմաններում ինչ-որ պաշտոնատար անձանց խմբի մտքով անցնի պատասխանատվությունից ազատել սպանության կազմակերպչին։
Հիշեցնենք, որ Վահագն Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ, ակոսափող հրազեն հանդիսացող 2 ատրճանակներ, որոնցից մեկն ապօրինի պահելու նպատակով տվել է Արթուր Մնացականյանին, իսկ մյուսը փամփուշտների հետ տվել է Վլադիմիր Դավթյանին, բացի այդ կազմակերպել է Կամո Փիրուզյանի սպանությունը, ինչպես նաև Թաթուլ Շուշանյանին տվել է առանձնապես խոշոր չափերով, իսկ Արտակ Հովհաննիսյանին խոշոր չափերով կաշառք:
Վլադիմիր Արթուրի Դավթյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վահագն Աբգարյանի կազմակերպմամբ և պատվերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով Կամո Փիրուզյանին ուղղակի դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, կրել հրազեն և ռազմամթերք, ապօրինի կերպով կրել է քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակ: Նրանք կալանավորված են:
