Կաթողիկոսն ու իր սպասավորները 2021-ին քարոզում էին ընդդեմ ՔՊ-ի. Արայիկ Հարությունյան
Եկեղեցու հետ կապված մենք նախկինում էլ, հատկապես՝ վերջին տարիներին, ասել ենք, որ երբ Եկեղեցին որոշակի գործընթացներ է անում՝ միջամտելու քաղաքական գործընթացներին, երբեմն պետք է նաև պատրաստ լինի նրան, որ այլ հարցադրումներ կհնչեն քաղաքական դեմքերի կողմից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին շրջանում Հայ Առաքելական Եկեղեցուն և հոգևոր դասին թիրախավորող գրառումներին։
«Անձնական կյանքին որևէ մեկը չի միջամտել, անձնական կյանքի հետ կապված բոլոր հարցադրումներն արվել են նույն ինստիտուտի՝ Եկեղեցու ինստիտուցիոնալ տրամաբանության մեջ, տվյալ դեպքում՝ կուսակության ինստիտուտի վերաբերյալ, և հարցադրումները շարունակում են մնալ միայն այդ տրամաբանության մեջ»,– ասել է Հարությունյանը:
