Խոշոր ավտովթար Գյումրիում․ բախվել են BMW-ն ու Գյումրու քաղաքապետարանի ջրցան ավտոմեքենան, վերջինը գլխիվայր շրջվել է․ կա վիրավոր․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Գյումրի քաղաքի Մուսայելյան փողոցում բախվել են BMW մակնիշի 10 NV 555 համարանիշի և ЗИЛ-130 մակնիշի ջրցան ավտոմեքենան։
Բախման հետևանքով ЗИЛ-ը գլխիվայր շրջվել է, իսկ վարորդն էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրու թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը, 1 մարտական հաշվարկով։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Դավիթ Ասատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ջրցան ավտոմեքենան հաշվառված է Գյումրու քաղաքապետարանի հաշվեկշռում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

